Ռուսաստանը դուրս է բերում զորքերը Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Ղամիշլիի օդանավակայանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուսաստանը դուրս է բերում զորքերը Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող օդանավակայանից՝ այդպիսով վերջ դնելով իր ռազմական ներկայությանը երկրի այն անկյունում, որտեղ Դամասկոսը փորձում է վերահսկողությունը վերցնել քրդական ուժերից։ Այս մասին Reuters-ին հայտնել են հինգ սիրիական աղբյուրներ, գրում է Al Arabiya-ն։

Ռուսաստանը զորքեր է տեղակայել երկրի հյուսիս-արևելքում գտնվող Ղամիշլիի օդանավակայանում 2019 թվականից ի վեր։ Այստեղ համեմատաբար փոքր ռուսական ներկայություն կա Սիրիայի Միջերկրական ծովի ափին գտնվող ավիաբազայի և ռազմածովային բազայի համեմատ, որոնք, ինչպես սպասվում է, կպահպանվեն։

Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի գլխավորած կառավարական ուժերն այս ամիս քրդերի գլխավորած Սիրիական դեմոկրատական ​​ուժերից (SDF) գրավել են սիրիական  հյուսիսային և արևելյան տարածքների մեծ մասը, քանի որ Դամասկոսը ձգտում է հաստատել իր իշխանությունը ամբողջ երկրի վրա։

Կողմերի միջև հրադադարը շաբաթ երկարաձգել է  15 օրով։ Երկու աղբյուրներ հայտնել են, որ ռուսական ուժերն անցյալ շաբաթ սկսել են աստիճանաբար դուրս գալ Ղամիշլիի օդանավակայանից: Աղբյուրներից մեկի խոսքով՝ սպասվում էր, որ ուժերի մի մասը կտեղափոխվի Սիրիայի արևմուտքում գտնվող ռուսական Հմեյմիմ ավիաբազա, իսկ մյուսները կվերադառնան Ռուսաստան:

Սիրիական անվտանգության մեկ այլ աղբյուր հայտնել է, որ վերջին երկու օրերի ընթացքում Ղամիշլիից Հմեյմիմ ռազմական օդանավակայան է տեղափոխվել ռուսական ռազմական մեքենաներ և ծանր զինամթերք։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից անմիջապես մեկնաբանություն չի ստացվել: Ռուսական Կոմերսանտը անցյալ շաբաթ, հղում անելով անանուն սիրիական աղբյուրի, հաղորդել էր, որ Սիրիայի կառավարությունը կարող է խնդրել ռուսական ուժերին լքել բազան, երբ քրդերին դուրս մղի, քանի որ «նրանք (ռուսները) այնտեղ անելիք չունեն»:

Երկուշաբթի Reuters-ի լրագրողը տեսել է, որ Ռուսաստանի դրոշները դեռևս ծածանվում են Ղամիշլիի օդանավակայանում, որտեղ թռիչքուղու վրա կայանված են եղել  ռուսական տարբերանշաններով երկու ինքնաթիռներ։

Անցյալ տարի Ալ-Շարաան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ասել էր, որ կկատարի Դամասկոսի և Մոսկվայի միջև նախկինում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները, ինչը վկայում է Սիրիայում Մոսկվայի երկու հիմնական ռազմաբազաների անվտանգությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment