ԵԽԽՎ-ն հուլիսի 26-ին ընդունած «Վեհաժողովի մոնիտորինգի ընթացակարգի առաջընթացը» բանաձևում մտահոգություն է հայտնել ՀՀ վարչապետի և Ամենայն Հայոց կաթողիկոսի միջև լարվածության առնչությամբ, իսկ Ադրբեջանին հորդորել ազատ արձակել հայ գերիներին:
Վեհաժողովը նախ ափսոսանք է հայտնել Հայաստանում բոլոր կողմերից քաղաքական հակառակորդների նկատմամբ ծայրահեղ բևեռացման համար։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը այնուհետև իր խորը մտահոգությունն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հայ Առաքելական եկեղեցու ղեկավարի՝ Գարեգին Բ վեհափառի միջև «լարվածության, ինչպես նաև Հայ Առաքելական եկեղեցուն պատկանող մի շարք հոգևորականների կողմից իշխանությունը զավթելու ենթադրյալ ծրագրերի մասին հաղորդումների կապակցությամբ»։
2026 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ վեհաժողովը կոչ է արել բարելավել քաղաքական մեծամասնության և ընդդիմության միջև հարաբերությունները՝ ապահովելու, որ ընտրական քարոզարշավը լինի թեմատիկ և քաղաքականության վրա հիմնված և զերծ ընտրություններին մասնակցող կողմերի միջև անձնական հարձակումներից։
Ադրբեջանին վերաբերող հատվածում ԵԽԽՎ-ն շարունակել է լուրջ մտահոգություն հայտնել երկրում մարդու իրավունքների իրավիճակի հետագա վատթարացման և ենթադրաբար քաղաքական դրդապատճառներով կալանավորված անձանց թվի աճի կապակցությամբ։ Նրանց թվում են քաղաքացիական հասարակության ակտիվիստներ, լրագրողներ և մեդիաաշխատողներ, գիտնականներ, ընդդիմադիր քաղաքական գործիչներ և իշխանությունների այլ քննադատներ, ասված է բանաձևում:
«Վեհաժողովը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել քաղաքական դրդապատճառներով ձերբակալված բոլոր անձանց, այդ թվում՝ 23 հայ ձերբակալվածներին», – նշել է ԵԽԽՎ-ն:
