Սի Ցզինպինի տեղակալը մեղադրվում է Չինաստանի միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-ին տեղեկատվության փոխանցելու մեջ

Քաղաքականություն

26.01.2026 | 20:51

Չինացի բարձրաստիճան գեներալ, Կենտրոնական ռազմական խորհրդի փոխնախագահ, Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինի տեղակալ Չժան Յուսյան մեղադրվում է երկրի միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-ին տեղեկատվություն փոխանցելու մեջ։ Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով չինացի բարձրաստիճան սպաների համար փակ ճեպազրույցին ներկա աղբյուրներին, գրում է The Insider-ը։

Ճեպազրույցը տեղի է ունեցել հունվարի 24-ին։ Որոշ ժամանակ անց հայտարարվել է գեներալ-լեյտենանտ Չժան Յուսիայի և Կենտրոնական ռազմական խորհորդի միացյալ շտաբի պետ Լյու Չժենլիի նկատմամբ պաշտոնական հետաքննության մասին։ Այնուամենայնիվ, նրանց առաջադրված մեղադրանքների մանրամասները չեն տրամադրվել. պետական ​​«Սինհուա» գործակալությունը միայն հայտնել է, որ երկուսն էլ կասկածվում են կուսակցական կարգապահության և օրենքի լուրջ խախտումների մեջ։

Ըստ WSJ-ի՝ Չժանը կասկածվում է կուսակցության միասնությունը խաթարող ազդեցության ցանցեր ստեղծելու փորձի մեջ, այլ մեղադրանքներ կապված են կաշառակերության հետ. նա կաշառք է ստացել ռազմական տեխնիկայի հետազոտությունների, մշակման և ձեռքբերման համար պատասխանատու գործակալությունում պաշտոնի բարձրացման դիմաց։

Ամենացնցողը, ըստ աղբյուրների, չինական միջուկային զենքի վերաբերյալ առանցքային տեխնիկական տվյալները Միացյալ Նահանգներին փոխանցելու մեղադրանքն է։

Չժանգի դեմ ցուցմունք է տվել Չինաստանի ազգային միջուկային կորպորացիայի նախկին գործադիր տնօրեն Գու Ցզյունը, որը պետական ​​ընկերություն է և վերահսկում է երկրի բոլոր քաղաքացիական ու ռազմական միջուկային ծրագրերը։ Անցյալ երկուշաբթի Պեկինը հայտարարել էր Գուի նկատմամբ հետաքննություն սկսելու մասին՝ կուսակցական կարգապահությունը և պետական ​​օրենքները խախտելու կասկածանքով։

Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատունը հայտնել է, որ Չժանգի նկատմամբ հետաքննությունը չինական ղեկավարության՝ «կոռուպցիայի նկատմամբ զրոյական հանդուրժողականության» օրինակ է։

Սի Ցզինպինի կողմից զինված ուժերում կոռուպցիայի և անհավատարմության դեմ պայքարի վերջին միջոցառումները Չինաստանի ներկայիս ռազմական ղեկավարության ամենաագրեսիվ քայլերն են Մաո Ցզեդունից ի վեր։ Անցյալ տարվա հոկտեմբերին կուսակցությունից հեռացվել են ինը բարձրաստիճան գեներալներ, այդ թվում՝ Հե Վեյդունը, որն այդ ժամանակ նաև զբաղեցնում էր Կենտրոնական ռազմական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը: Հեռացումները կարող են նաև դիտվել որպես կոռուպցիայի դեմ պայքարի արշավի մաս, սակայն վերլուծաբանները նշում են, որ այս միջոցառումները կարող են նաև դիտվել որպես քաղաքական զտումներ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a Comment