Արագածոտնի թեմն անհիմն է որակել թեմի առաջնորդի և քահանայի կալանքը երկարաձգելու որոշումը

Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ երկարաձգել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի և թեմի դիվանապետ Գարեգին քահանա Արսենյանի կալանքը, անհիմն է և անընդունելի, հայտարարել է Արագածոտնի թեմը:

«Չնայած պաշտպանների բերված օրինաչափ և իրական փաստարկների՝ դատարանը որոշում կայացրեց անհիմն երկարաձգել Թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը մեկ ամսով և Տեր Գարեգին քահանա Արսենյանի տնային կալանքը ևս մեկ ամսով», – նշված է հայտարարության մեջ:

Արագածոտնի թեմը հորդորել է չընկրկել և չհուսահատվել:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 20-ին՝ ժամը 14:30-ին:

Ուժայինները հոկտեմբերի 15-ին խուզարկություններ էին անցկացրել Արագածոտնի թեմի առաջնորդարանում, ինչպես նաև թեմի առաջնորդի, թեմի քահանաների և աշխատակիցների բնակարաններում։ Դրա առիթ էին դարձել Արագածոտնի թեմի Հովհաննավանքի նախկին սպասավոր և կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանի կողմից տարածված տեղեկությունները և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանի հաղորդումը։ Ավելի ուշ ՔԿ-ն հայտնել էր երեք անձի, այդ թվում՝ եպիսկոպոսի  ձերբակալության մասին։ Թեմի առաջնորդին կալանավորել էին։

Leave a Comment