Սերժ Սարգսյանի և ֆիզիկական անձի միջև կնքված Իսակովի հողամասի առուվաճառքի պայմանագիրն անվավեր է ճանաչվել

Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը՝ անվավեր ճանաչելով ՀՀ նախկին նախագահ, նախկին պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի և ֆիզիկական անձի միջև 2005 թվականի դեկտեմբերին կնքված՝ Երևանի Ծովակալ Իսակով պողոտայում գտնվող՝ 1.4514 հա մակերեսով հողամասի առուվաճառքի պայմանագիրը: Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազությունը:

Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո ֆիզիկական անձից հօգուտ Հայաստանի կբռնագանձվի 786 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 297 միլիոն 980 հազար դրամ։

Գլխավոր դատախազությունը դատարան էր դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել առուվաճառքի պայմանագիրը։ 

Դատախազությունը 2025թ. մարտին Սարգսյանին նոր մեղադրանք էր առաջադրել՝ առանձնապես խոշոր չափերով հափշտակության 18 դրվագով, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման 2 դրվագով և դրա իրականացմանը նպաստելու 3 դրվագով։ Քրեական գործերը հարուցվել էին Իսակովի պողոտային և «Եռաբլուր» պանթեոնին հարակից հողամասերի ապօրինի օտարման փաստերով։

Ըստ մեղադրանքի՝ Երևանի Իսակովի պողոտայի և «Եռաբլուր» պանթեոնի հարակից հողատարածքը վաճառվել է շուկայականից ցածր գնով: Դատախազությունը պնդում է, որ Սարգսյանը դա արել է հողամասերը «Տոյոտա-Երևան»-ին փոխանցելու համար: 

 

Leave a Comment