ՊՆ-ն հերքում է զինծառայողին ստիպողաբար դեղեր տալու տեղեկությունները


Ի պատասխան «Զինվոր թոռնիկիս հոսպիտալում ստիպողաբար հnգեմետ դեղեր են տալիս» վերտառությամբ հրապարակման՝ ՊՆ-ից հայտնում են, որ տարածված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։


 


«Զինծառայողը զորամասից ընդունվել է կայազորը սպասարկող հոսպիտալ, որտեղ իրականացված նախնական հետազոտությունից հետո, պայմանավորված արձանագրված առողջական խնդիրների բնույթով, հետագա հետազոտման, բուժման և փորձաքննության նպատակով տեղափոխվել է նեղ մասնագիտացված ռազմաբժշկական հաստատություն։


 


Ներկայումս զինծառայողը հետազոտվում և ախտորոշմանը համապատասխան բուժում է ստանում մասնագիտացված բաժանմունքում, իսկ բժիշկ-մասնագետների խորհրդատվությունները կազմակերպվում են ըստ բժշկական ցուցումների։


 


Զինծառայողը հետազոտվում և բուժվում է հոժարակամ. նրա կամքին հակառակ բժշկական որևէ միջամտություն չի իրականացվում, դեղորայքը նշանակվել ու տրվում է գործող առողջապահական ստանդարտներին համապատասխան։


 


Անհրաժեշտ հետազոտությունների և բուժման ավարտից հետո զինծառայողը ներկայացվելու է ռազմաբժշկական փորձաքննության»,- ասվում է հաղորդագրությունում։


 

Դիտումների քանակ5

Leave a Comment