26 հունվարի 2026 – 19:07 AMT
PanARMENIAN.Net – Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը հայտարարել է, որ 2025-ի առանձնահատկությունն այն է, որ լրագրողների և լրատվամիջոցների հանդեպ ճնշումների և դատական գործերի մոտ կեսը պետական բարձրաստիճան պաշտոնյաների և իշխանության այլ ներկայացուցիչների կողմից են եղել: Նրա փոխանցմամբ՝ փաստագրվել են նաև բազմաթիվ դեպքեր, երբ լրագրողներն իրենք են խախտել մասնագիտական էթիկայի կանոնները։
«2025 թվականին լրագրողներին վիրավորանքների, մասնագիտական գործունեության խոչընդոտների թիվը 45 է, որից 33-ը իշխանության ներկայացուցիչների կողմից են, ինչը շատ մտահոգիչ է»,-ասել է Մելիքյանը՝ ընդգծելով, որ նման վարքագծով աչքի են ընկել իշախնության առաջին դեմքերը, մասնավորապես՝ Ալեն Սիմոնյանը, Անդրանիկ Քոչարյանը, Վիլեն Գաբրիելյանը, Տիգրան Ավինյանը, Վարդան Ղուկասյանը, հայտնում է Panorama.am-ը:
«Կոնֆլիկտային իրավիճակը հանգեցրել է նրան, որ 2025 թվականին ընդհանուր խախտումների քանակն ավելին է քան 2024 թվականին, նախորդ տարի արձանագրել ենք 224 դեպք, մինչդեռ 2024թ-ին 208 էին»,-ասել է Մելիքյանը:
Նա տեղեկացրել է, որ ֆիզիկական բռնությունների քանակը 15-ն է, այլ տարատեսակ ճնշումներինը՝ 108, իսկ տեղեկություններ ստանալու և տարածելու խախտումները 10-ն են։
Մելիքյանը նշել է, որ չնայած ճնշումների թիվն աճել է, տեղեկությունների հասանելիության սահմանափակումները 2025-ին պակասել են՝ համեմատած նախորդ տարվա հետ։
«Քաղաքական իրադարձությունները լուսաբանելու ընթացքում ցցուն կերպով ևս մեկ անգամ արտահայտվեց մեր լրատվական դաշտի ծայրահեղ բևեռացվածությունը, մի բան, որը միջազգային բոլոր կառույցների բոլոր զեկույցներում ընդգծվում է, որպես բացասական երևույթ»,-ասել է բանախոսը:
Նա նշել է, որ այդ ընթացքում մեծ տարածում են ստանում ֆեյք և մանիպուլյատիվ մեկնաբանությունները, վիրավորանքներն ու զրպարտությունները, ինչի պատճառով էլ դատական վեճերը շատացել են։
Նրա խոսքով՝ 2025 թվականին լրագրողների դեմ ներկայացված դատական հայցերի քանակը գրեթե հավասար է հետհեղափոխական 2019-ի և հետպատերազմյան 2021 թվականի մակարդակին, սակայն, ի տարբերություն այն տարիների, այժմ նման ծավալների արդարացում գոյություն չունի։
«Արձանագրվել է 63 դատական գործ ընդդեմ լրագորղների և լրատվամիջոցների, որոնց ճնշող մեծամասնությունը վիրավորանքի և զրպարտության հիմքով են, որոնցից 2 գործ էլ եղել հեղինակային իրավունքի պաշտպանության հիմքով, իսկ 2024 թվականին 43 դատական հայց էր ներկայացվել ընդդեմ լրագրողների»,-ասել է Մելիքյանը:
Նա շեշտել է, որ դրանց կեսը իշխանությունների կողմից են և նրանք չեն ցանկանում արտադատական կարգով խնդիրները լուծել, քանի որ և՛ Եվրոպական դատարանների որոշումներում, և նախադեպային իրավունքները հորդորում են, որ քաղաքական գործիչները, բարձրաստիճան պաշտոնյաները պետք է ձեռնպահ մնան զրպարտության և վիրավորանքի գործերով հայցեր ներկայացնելուց, հատկապեսմ երբ բարձր ֆինանսական պահանջներ են ներկայացվում։
Նրա ներկայացմամբ՝ լրագրողների դեմ ներկայացված 15 գործերից դատարանը բավարարել է պահանջը՝ պարտադրելով լրատվամիջոցներին հերքումներ տպագրել և վճարել 3.3 մլն դրամի փոխհատուցում, մինչդեռ 21 գործ մերժվել է, իսկ 6-ն ընդհանրապես կարճվել են։
Նա անդրադարձել է նաև «Իմնեմնիմի» փոդքասթի համահիմնադիրներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ իրականացված գործողություններին՝ նշելով, որ լրագրողական հանրույթը արդեն հայտարարել է՝ նրանց նկատմամբ կիրառված ուժը համաչափ չի եղել, և ինքն էլ միացել է այդ հայտարարությանը։
Մելիքյանի տվյալներով՝ 2025 թվականին արձանագրված լրագրողների դեմ 15 ֆիզիկական բռնություններից 7-ի ետևում իրավապահ մարմիններն են կանգնած, ևս 7-ը՝ իշխանամետ անձանց կողմից են եղել, իսկ Հակոբ Կարապետյանի ենթարկված բռնության գործով, որը կազմում է մեկ դեպք, դեռևս բացահայտում չկա, ինչպես նաև նախաքննությունն առաջընթաց չի գրանցել։