Մեկնարկել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը․ Ելույթ կունենա նաև Միրզոյանը

Մեկնարկել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը․ Ելույթ կունենա նաև Միրզոյանը

26 հունվարի 2026 – 18:57 AMT

PanARMENIAN.Net – Ստասբուրգում մեկնարկել է ԵԽԽՎ 2026թ. ձմեռային նստաշրջանը: Լիագումար նիստի աշխատանքները կշարունակվեն մինչև հունվարի 30-ը։ Նիստի ընթացքում ԵԽԽՎ պատվիրակությունների անդամները կընտրեն ԵԽԽՎ նոր նախագահ։ Այս պաշտոնի համար առաջադրվել է տիկին Պետրա Բայրի (Ավստրիա, Սոցիալական օկրուգ) թեկնածությունը՝ համաձայն Վեհաժողովի քաղաքական խմբերի միջև գործող ռոտացիոն համաձայնագրի։ Բազմաթիվ խորհրդարանականներ աջակցել են նրա թեկնածությանը։

ԵԽԽՎ-ից տեղեկացրել են, որ օրակարգում ընդգրկված է նաև «Վեհաժողովի մոնիթորինգի ընթացակարգի առաջընթացը (2025 թվականի հունվար – դեկտեմբեր)» խորագրով զեկույցը, որում անդրադարձ կա նաև Հայաստանին, տեղեկացնում է Panorama.am-ը:

Հունվարի 28-ին նախատեսված է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ելույթը ԵԽԽՎ լիագումար նիստում, որի ընթացքում նա պատասխանելու է պատգամավորների հարցերին։

Նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Ազգային ժողովից Ստրասբուրգ են գործուղվել ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար և ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, պատվիրակության անդամներ՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներ Արմեն Գևորգյանն ու Արմեն Ռուստամյանը, Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորներ Սոնա Ղազարյանն ու Արուսյակ Ջուլհակյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, ինչպես նաև պատվիրակության քարտուղար Կարինե Շիմշիրյանը՝ ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի և եվրաինտեգրման բաժնի պետը։

Արարատ Միրզոյանը հունվարի 26-28-ը գտնվում է Ստրասբուրգում աշխատանքային այցով։ Այցի շրջանակում ծրագրված են նաև միջոցառումներ՝ նվիրված Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 25-ամյակին։

Leave a Comment