Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այսօր հայտնել է, որ իր եւ Բելառուսի ֆեդերացիայի պայմանավորվածության համաձայն՝ Հայաստանի ու Բելառուսի ազգային հավաքականներն ընկերական հանդիպում կանցկացնեն: Խաղը կկայանա մարտի 29-ին՝ ժամը 18:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
Մինչ այդ՝ փետրվարի 12-ին, մեր հավաքականը կիմանա իր մրցակիցներին Ազգերի լիգայի 2026-2027 թթ. խաղարկությունում:
Այս պահին ՖԻՖԱ-ի վարկանիշային դասակարգման աղյուսակում Հայաստանը զբաղեցնում է 105-րդ հորիզոնականը, իսկ Բելառուսը՝ 98-րդ:
Հայաստանի ու Բելառուսի ազգային հավաքականներն առաջին անգամ հանդիպել են աշխարհի 2002 թ. առաջնության ընտրական փուլում: 2000 թ. հոկտեմբերի 11-ին Մինսկում տանտերերը հաղթել են 2-1 հաշվով: Մեր թիմից աչքի է ընկել Ֆելիքս Խոջոյանը: 2001-ի հունիսի 2-ին Երեւանում կայացած պատասխան խաղում գրանցվել է 0-0:
Առաջին ընկերական խաղը կայացել է 2008-ի փետրվարի 4-ին Մալթայի մրցաշարի շրջանակներում: Արարատ Առաքելյանի ու Արա Հակոբյանի գոլերի շնորհիվ մերոնք հաղթեցին 2-1, չնայած պարտվում էին 0-1 հաշվով: Հերթական ընկերական խաղը 2010 թ. մարտի 3-ին տեղի ունեցավ թուրքական Անթալիայում: Բելառուսը հաղթեց 3-1: Մերոնցից աչքի ընկավ Լեւոն Պաչաջյանը: Մի ընկերական խաղ էլ կայացավ 2012-ի օգոստոսի 15-ին Երեւանում: 2-1 հաշվով հաղթեցին բելառուսները: Մեր թիմի գոլը ինքնագոլ էր մրցակցի պաշտպան Դմիտրի Վերխովցովի կողմից: 2016-ի մարտի 25-ին Երեւանում կայացած ընկերական մրցավեճում էլ գրանցվեց 0-0: Թիմերի միջեւ ընդհանուր առմամբ 7-րդ եւ ընկերական 5-րդ հանդիպումը տեղի ունեցավ Երեւանում 2017-ի նոյեմբերի 9-ին: Մեր ընտրանին հաղթեց 4-1: Աչքի ընկան Արաս Օզբիլիզը, Հենրիխ Մխիթարյանը, Ռումյան Հովսեփյանն ու Էրիկ Վարդանյանը:
Այսպիսով՝ մինչ այս ազգային հավաքականների մակարդակով Հայաստանն ու Բելառուսն անցկացրել են 7 հանդիպում, որոնցից 2-ում հաղթել են մերոնք, 2-ում գրանցվել է ոչ-ոքի, իսկ 3-ում առավելության են հասել բելառուսները: Խփած ու բաց թողած գոլերի առումով հավասարություն է՝ 9-9:
Լուսանկարը՝ ՀՖՖ-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter