Porsche-ն իր հաճախորդներին 279,449 սպորտային ավտոմեքենա է մատակարարել 2025-ին

Porsche-ն իր հաճախորդներին 279,449 սպորտային ավտոմեքենա է մատակարարել 2025-ին

26 հունվարի 2026 – 17:24 AMT

PanARMENIAN.Net – Առանձին շուկաներում վաճառքների հավասարակշռված կառուցվածքի շնորհիվ Dr. Ing. h.c. F. Porsche AG (Շտուտգարտ) ընկերությունը 2025 թվականին ամբողջ աշխարհում հաճախորդներին մատակարարել է ընդհանուր առմամբ 279,449 ավտոմեքենա։ Նախորդ տարում այս ցուցանիշը կազմել էր 310,718, ինչը նշանակում է նվազում 10 տոկոսով։ Porsche-ն շարունակում է առաջնահերթություն տալ այն մոդելային տարբերակներին, որոնք ստեղծում են ավելի բարձր արժեք:

«Մի քանի ռեկորդային տարիներից հետո մեր մատակարարումները 2025 թվականին եղել են նախորդ տարվա մակարդակից ցածր։ Սա համապատասխանում է մեր սպասումներին և պայմանավորված է 718 և ներքին այրման շարժիչով Macan մոդելների մատակարարման դեֆիցիտով, Չինաստանում բացառիկ արտադրանքի նկատմամբ պահանջարկի շարունակական նվազումով, ինչպես նաև մեր՝ արժեքի վրա հիմնված մատակարարման կառավարման համակարգով: 2025 թվականին մենք մեր հաճախորդներին կուրախացնենք այնպիսի բացառիկ ավտոմեքենաներով, ինչպիսին է 911 Turbo S-ը՝ T-Hybrid հիբրիդային ուժային համակարգով:

2025 թվականի վերջին արձագանքը Cayenne Electric-ի թողարկման նկատմամբ նույնպես ցույց է տվել, որ Porsche-ն իր նորարարական և բարձր արդյունավետությամբ արտադրանքով լիովին արդարացնում է հաճախորդների սպասումները»,-ասել է Porsche AG-ի վաճառքի և մարքեթինգի գծով վարչության անդամ Մաթիաս Բեքերը։

Macan-ը, մատակարարված 84,328 ավտոմեքենայով, դարձել է ամենաշատ վաճառվող մոդելը։ Հյուսիսային Ամերիկան շարունակում է մնալ վաճառքների խոշորագույն տարածաշրջանը՝ 86,229 մատակարարմամբ․ այս ցուցանիշը համապատասխանում է նախորդ տարվա տվյալին։

2025 թվականին Porsche-ն իրականացրել է վերադիրքավորում և ընդունել ապագային միտված ռազմավարական որոշումներ։ 2025 թվականի մատակարարումների կառուցվածքն ընդգծում է, որ սպորտային ավտոմեքենաներ արտադրողը հետևողականորեն արձագանքում է հաճախորդների գլոբալ նախասիրություններին՝ ընդլայնելով իր ռազմավարությունն ուժային համակարգերի ոլորտում և առաջարկելով ներքին այրման շարժիչով, հիբրիդային և ամբողջովին էլեկտրական ավտոմեքենաներ։ 2025 թվականին աշխարհով մեկ մատակարարված Porsche ավտոմեքենաների 34.4 %-ը եղել է էլեկտրական (+7.4 տոկոսային կետ), որոնցից 22.2 %-ը՝ ամբողջովին էլեկտրական, իսկ 12.1 %-ը՝ հիբրիդային։ Սա ամբողջովին էլեկտրական ավտոմեքենաների համաշխարհային բաժինը դնում է 2025 թվականի համար նախատեսված 20-ից մինչև 22 %-ի թիրախային միջակայքի վերնամասում։

Եվրոպայում առաջին անգամ մատակարարվել է ավելի շատ էլեկտրական ավտոմեքենա, քան զուտ ներքին այրման շարժիչով մոդելներ (57.9 % էլեկտրաֆիկացում), ընդ որում՝ յուրաքանչյուր երրորդ ավտոմեքենան եղել է ամբողջովին էլեկտրական։ Եվրոպայում Panamera և Cayenne մոդելների շարքում մատակարարումների ցուցանիշներով գերակշռում են հիբրիդային տարբերակները։ Միևնույն ժամանակ, ներքին այրման շարժիչով և T-Hybrid համակարգով 911 մոդելը սահմանել է նոր ռեկորդ՝ ամբողջ աշխարհում 51,583 ավտոմեքենայի մատակարարմամբ։

Հյուսիսային Ամերիկան մնում է վաճառքների խոշորագույն տարածաշրջանը։

Հյուսիսային Ամերիկան՝ 86,229 մատակարարված ավտոմեքենայով մնում է վաճառքների ամենախոշոր տարածաշրջանը, ինչպես և նախորդ տարի։ 2024 թվականի ռեկորդային մատակարարումներից հետո արտասահմանյան և զարգացող շուկաները ևս հիմնականում պահպանել են նախորդ տարվա մակարդակը՝ մատակարարելով 54, 974 ավտոմեքենա (-1 %)։ Եվրոպայում (առանց Գերմանիայի) Porsche-ն տարեվերջին մատակարարել է 66,340 ավտոմեքենա, ինչը 13 %-ով պակաս է նախորդ տարվա համեմատ։ Գերմանիայի ներքին շուկայում նոր ավտոմեքենաներ ստացել է 29,968 գնորդ՝ նվազում 16 %-ով։ Երկու տարածաշրջաններում էլ նվազման հիմնական պատճառը 718 և ներքին այրման շարժիչով Macan մոդելների մատակարարման դեֆիցիտն է ԵՄ կիբերանվտանգության կանոնների պատճառով։

Չինաստանում հաճախորդներին մատակարարվել է 41,938 ավտոմեքենա (-26 %)։ Նվազման հիմնական պատճառները շարունակում են մնալ շուկայի բարդ պայմանները, հատկապես՝ լյուքս դասի ավտոմեքենաների սեգմենտում, ինչպես նաև սուր մրցակցությունը չինական շուկայում, հատկապես՝ ամբողջովին էլեկտրական մոդելների հատվածում։ Porsche-ն շարունակում է կենտրոնանալ արժեք ստեղծող վաճառքների վրա։

Macan․ ամենաշատ վաճառվող մոդելը

Macan մոդելի մատակարարումների ծավալը կազմել է 84,328 միավոր (+2 %), որից կեսից ավելին բաժին է ընկնում ամբողջովին էլեկտրական տարբերակներին՝ 45,367 ավտոմեքենա։ ԵՄ-ից դուրս շուկաների մեծ մասում շարունակվում է ներքին այրման շարժիչով Macan-ի առաջարկը․ մատակարարվել է 38,961 այդպիսի ավտոմեքենա։ Դեկտեմբերի վերջի դրությամբ մատակարարվել է 27, 701 Panamera մոդել (-6 %)։

Տարեվերջին վաճառվել է կուլտային համարվող 911 սպորտային ավտոմեքենայի 51,583 օրինակ (+1 %), ինչը հերթական ռեկորդն է մատակարարումների ծավալով։ 718 Boxster և 718 Cayman մոդելների դեպքում վաճառվել է 18,612 ավտոմեքենա․ սա 21 %-ով պակաս է նախորդ տարվանից՝ մոդելի արտադրությունը դադարեցնելու պատճառով։ Արտադրությունն ավարտվել է 2025 թվականի հոկտեմբերին։

Taycan մոդելի վաճառքը կազմել է 16,339 ավտոմեքենա (-22 %), հիմնականում էլեկտրամոբիլների տարածման տեմպերի դանդաղման պատճառով։ 2025 թվականին հաճախորդներին է հանձնվել 80,886 Cayenne ավտոմեքենայի բանալի, ինչը 21 %-ով պակաս է, մասամբ՝ նախորդ տարում բաց թողածը լրացնելու ազդեցության պատճառով։ Նոր ամբողջովին էլեկտրական Cayenne-ն իր համաշխարհային պրեմիերան նշել է նոյեմբերին, իսկ այդ մոդելն առաջարկող առաջին շուկաներում մատակարարումները կսկսվեն այս գարնանը։ Այն կառաջարկվի ներքին այրման շարժիչով և հիբրիդային Cayenne տարբերակների կողքին։

Խոսելով հեռանկարների մասին՝ Մաթիաս Բեքերը նշել է․ «2026 թվականին մենք ունենք հստակ նպատակ՝ կառավարել պահանջարկն ու առաջարկը մեր՝ «արժեքը ծավալից կարևոր է» ռազմավարությանը համապատասխան։ Միևնույն ժամանակ, 2026 թվականի արտադրության ծավալները մենք պլանավորում ենք իրատեսորեն՝ հաշվի առնելով 718 և ներքին այրման շարժիչով Macan մոդելների փուլային դուրսբերումը շահագործումից»։

Զուգահեռաբար Porsche-ն հետևողականորեն ներդրում է կատարում իր՝ ուժային ագրեգատների զարգացման եռակողմ ռազմավարության մեջ և 2026 թվականին նույնպես կշարունակի ոգեշնչել հաճախորդներին եզակի սպորտային ավտոմեքենաներով։ Կարևոր բաղադրիչ է նաև բրենդն անհատականացնելու առաջարկների ընդլայնումը՝ ինչպես Exclusive Manufaktur, այնպես էլ Sonderwunsch ծրագրերի շրջանակում։ Այսպիսով, ընկերությունն արձագանքում է հաճախորդների՝ անհատականացման նկատմամբ մշտապես աճող ձգտմանը։

Ծանոթագրություն․

Բոլոր գումարները կլորացված են մինչև մոտակա ցենտը, ինչը գումարման ընթացքում կարող է հանգեցնել աննշան տարբերությունների։ Այս մամուլի հաղորդագրությունը պարունակում է կանխատեսող հայտարարություններ և տեղեկություններ Porsche AG-ի բիզնեսի ներկայումս սպասվող զարգացման վերաբերյալ։ Այդ հայտարարությունները ենթակա են ռիսկերի և անորոշությունների։ Դրանք հիմնված են առանձին երկրներում, տնտեսական տարածաշրջաններում և շուկաներում, մասնավորապես՝ ավտոմոբիլային արդյունաբերությունում, տնտեսական, քաղաքական և իրավական պայմանների զարգացման վերաբերյալ ենթադրությունների վրա, որոնք կատարվել են ունեցած տեղեկատվության հիման վրա և որոնք իրատեսական են համարվել հրապարակման պահին։ Եթե այս կամ այլ ռիսկերից որևէ մեկն իրականություն դառնա, կամ եթե այդ հայտարարությունների հիմքում ընկած ենթադրությունները սխալ դուրս գան, փաստացի արդյունքները կարող են էականորեն տարբերվել նման հայտարարություններում արտահայտված կամ ենթադրվող արդյունքներից։ Այս հաղորդագրության մեջ ներառված կանխատեսող հայտարարությունները հիմնված են բացառապես հրապարակման օրվա դրությամբ առկա տեղեկատվության վրա։

Այս կանխատեսող հայտարարությունները հետագայում չեն թարմացվելու։ Դրանք գործում են միայն հրապարակման օրվա համար և կարող են չեղարկվել՝ ավելի ուշ տեղ գտած իրադարձությունների արդյունքում։

Այս տեղեկատվությունը փոխանակման կամ վաճառքի, ինչպես նաև արժեթղթերի փոխանակման կամ ձեռք բերման առաջարկ չէ։

Leave a Comment