26 հունվարի 2026 – 17:42 AMT
PanARMENIAN.Net – Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դատական հայց է ներկայացրել բլոգեր Սամվել Աշոտյանի դեմ՝ պահանջելով հերքում և ընդհանուր 1.4 միլիոն դրամ փոխհատուցում։
Սիմոնյանը պնդում է, որ Աշոտյանը իրեն զրպարտել է Facebook սոցիալական ցանցում՝ տարածելով «Կազինոները` բարձր հովանու ներքո» վերնագրով տեսանյութ, հայտնում է Factor.am-ը:
Մոտ մեկ րոպեանոց տեսանյութում Սամվել Աշոտյանը հայտարարում է, թե «ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը Ալեն Սիմոնյանին մեղադրում է կազինոների հովանավորության մեջ»։
Հեղինակը մեջբերում է Հայկ Սարգսյանի հարցազրույցից մի հատված, որտեղ պատգամավորը նշում է․ «Մարտի 4-ին Ալեն Սիմոնյանը դիմել է իմ նկատմամբ կարգապահական վարույթ սկսելու համար, երբ ԱԺ-ում քննարկվում էր իմ կողմից շրջանառության մեջ դրած նախագիծը, որով երկու անգամով բարձրացվելու էր խաղային ոլորտի բոլոր տուրքերը»։
Այժմ Ալեն Սիմոնյանը Սամվել Աշոտյանից հերքումից զատ պահանջում է նաև 1 մլն դրամ՝ զրպարտության փոխհատուցում, ինչպես նաև 410 հազար դրամ՝ փաստաբանի ծառայության և պետական տուրքի վճարի համար։
Ալեն Սիմոնյանի հայցադիմումը դատարանի կողմից վարույթ է ընդունվել։ Դատական նիստի օր դեռ նշանակված չէ։