Aurora News | Երևանում նախատեսվում է ձեռք բերել օդի որակի նոր դիտակայան. ՇՄ նախարար

Հայաստանում օդի որակի մոնիթորինգի դիտակայանի ձեռքբերման նպատակով առաջիկա ամիսներին նախատեսվում է մրցույթ հայտարարել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին 2025 թվականի արդյունքներն ամփոփող ասուլիսի ընթացքում հայտնել է շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։

Նախարարը հիշեցրել է, որ մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի համակարգի արդիականացման նպատակով Շրջակա միջավայրի նախարարության և Ճապոնիայի կառավարության միջև ստորագրվել է դրամաշնորհի տրամադրման համաձայնագիր, որի շրջանակում նախատեսվում է ձեռք բերել ևս երեք դիտակայանի համար նախատեսված ժամանակակից ավտոմատ սարքավորումներ և տեղադրել դրանք Երևանում։

Մաթևոսյանի խոսքով՝ ևս մեկ դիտակայան, որը կֆինանսավորվի պետական բյուջեից, նախատեսվում է ձեռք բերել ընթացիկ տարում։ Նա նշել է, որ մրցույթի հայտարարումը նախատեսվում է առաջիկա ամիսներին։

Նախարարը հավելել է, որ Ճապոնիայի կառավարության կողմից տրամադրվող երեք դիտակայանների և պետական բյուջեից ձեռք բերվող սարքավորման շնորհիվ Երևանում ընդհանուր առմամբ կգործի վեց դիտակայան, ինչը կապահովի օդի որակի ամբողջական մոնիթորինգի հնարավորություն։

Leave a Comment