Դաշնակահար Հայկ Մելիքյանի «Լաուդամուս» ալբոմի շնորհանդեսը՝ Գեորգի Գուրջիևի ծննդյան 160-ամյակին նվիրված համերգով

Հունվարի 29-ին՝ ժամը 20:00-ին, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի Բաբաջանյան համերգասրահում տեղի կունենա դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի «Լաուդամուս» խորագրով ալբոմի համերգ-շնորհանդեսը՝ նվիրված կոմպոզիտոր Գեորգի Գուրջիևի ծննդյան 160-ամյակին։

«Լաուդամուս» ալբոմը թողարկվել է դասական երաժշտության ամենահեղինակավոր լեյբլներից մեկի՝ բրիտանական Azure Sky Records-ի կողմից։ Ալբոմը դաշնակահարի՝ «գուրջիևյան ուղու» կարևոր հանգրվաններից է։ Որպես երաժշտության խորագետ կատարողի՝ Հայկ Մելիքյանի համար Գեորգի Գուրջիևի երաժշտությունը ոչ միայն գեղարվեստական, այլև հոգևոր փորձառություն է։ Կոմպոզիտորի ստեղծագործությունների նրա կատարումները մշտապես ստացել են միջազգային լայն արձագանք՝ ունկնդիրներին համախմբելով խորը ոգեղեն երաժշտության շուրջ։

Հունվարի 29-ին կայանալիք համերգի ծրագիրը ներառում է 20-րդ դարի և ժամանակակից երաժշտության խոշոր անունների ստեղծագործությունները՝ բացահայտելով մարդու ներաշխարհը, գիտակցականի և անգիտակցականի սահմանները, լռության ու ձայնի փոխհարաբերությունը։

Ծրագրում՝

Գեորգի Գուրջիև – Թոմաս դե Հարթման՝ «Յոթ պիես»
Ջոն Քեյջ՝ «Մի բնապատկեր»
Ալեքսանդր Սկրյաբին՝ Սոնատ թիվ 9, ստ. 68
Հայկ Մելիքյան՝ «Լիրիկական տեսիլքներ»
Կառլհայնց Սթոքհաուզեն՝ Klavierstück X
Վարդան Հարությունյան՝ «Անգիտակից արտապատկերումներ» դաշնամուրի և էլեկտրոակուստիկ ձայների համար (համաշխարհային պրեմիերա)

Հայկ Մելիքյանը միջազգային հեղինակություն վայելող դաշնակահար է՝ ճանաչված որպես 20-րդ դարի և ժամանակակից երաժշտության ամենավառ և բազմակողմանի մեկնաբաններից մեկը։ Նա համերգային շրջագայություններով հանդես է եկել Եվրոպայի, Ասիայի և Ամերիկայի ամենահեղինակավոր բեմերում՝ այդ թվում Ժնևի Victoria Hall-ը, Ամստերդամի Concertgebouw-ը, Լիսաբոնի Gulbenkian համերգասրահը, Աթենքի Megaron-ը և այլ նշանավոր հարթակներ։

Դաշնակահարը բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է, այդ թվում՝ Concours d’Orléans (Ֆրանսիա), Ibla Grand Prize (Իտալիա), Premio Valentino Bucchi (Իտալիա) և Yvar Mikhashoff Trust for New Music (ԱՄՆ) մրցույթների։ Նա ստացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչում, արժանացել է Կոմիտասի մեդալի, Մոսկվայի կոմպոզիտորների միության Ոսկե մեդալի՝ համաշխարհային ժամանակակից երաժշտության տարածման գործում ունեցած ավանդի համար, իսկ 2025 թվականին պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով՝ որպես մշակութային ոլորտում բարձրագույն պետական գնահատական։

Հայկ Մելիքյանը առաջին կատարողն է բազմաթիվ ժամանակակից ստեղծագործությունների, որոնցից շատերը գրվել են հատուկ նրա համար։ Նա հանդիսանում է 1900+ և 2000+ համերգաշարերի հիմնադիրը՝ նվիրված բացառապես 20-րդ և 21-րդ դարերի երաժշտությանը։ Նրա մենահամերգային ալբոմները թողարկվել են միջազգային հեղինակավոր լեյբլների կողմից, այդ թվում՝ Naxos Grand Piano, Azure Sky Records, Donemus և այլն։

Leave a Comment