Դատարանը մեկ ամսով երկարացրեց Արագածոտնի թեմի առաջնորդի կալանքը

Դատարանը մեկ ամսով երկարացրեց Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը:

Ըստ մեղադրանքի՝ կալանքի տակ պահվող Մկրտիչ Սրբազանը հոգևորականներին հարկադրել է մասնակցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ հավաքներին, նաև 2021-ի ընտրություններին հրահանգել էր մասնակցել ընտրություններին և չքվեարկել Փաշինյանի թիմի օգտին։ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը մեղադրանքը անհիմն է համարում:

Այսօր մեկնարկած դատական նիստում դատախազը միջնորդել էր երեք ամսով երկարացնել Մկրտիչ սրբազանի կալանքը՝ պնդելով, թե կա ռիսկ, որ ազատության մեջ գտնվելով Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կազդի վկաների վրա:

Փաստաբան Ռոման Ահարոնյանն էլ հակադարձել էր դատախազին, պնդել, որ առաջին իսկ կալանքի հիմքում դրված է եղել ապացուցման ակտիվ փուլը, վկաները։ «Հիմա, երբ գործը դատարանում է, տեսնում ենք, թե ինչ ապացույցներ են։ Մեղադրանքի կողմը խաբել է դատարանին, թե գործ ունեն անելու, կորզում են կալանքը։ Սրբազանն ապօրինի կալանքի տակ է։ Դատակոչված չէ ոչ մի վկա, ո՞ւր են այդ վկաները», – նշում էր փաստաբանը, շեշտելով՝ կալանքն անհապաղ ենթակա է վերացման:

Դատարանն այժմ քննում է մյուս մեղադրյալ, տնային կալանքի տակ գտնվող Տեր Գարեգինի հարցը: Նա մեղադրվում է Մկրտիչ Սրբազանին օժանդակելու համար։ Տեր Գարեգինը մեղադրանքը չի ընդունում: Դատախազը պահանջեց տնային կալանքը չփոխել:

Leave a Comment