Ավինյան. Պայմաններն անոմալ էին, ձյունը՝ շատ, նորարարական լուծումներ են պետք

Ավինյան. Պայմաններն անոմալ էին, ձյունը՝ շատ, նորարարական լուծումներ են պետք

26 հունվարի 2026 – 12:30 AMT

PanARMENIAN.Net – Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքներին, ասել է, որ այս տարվա պայմաններն անոմալ էին և հորդորել է հետագայում նորարարական լուծումներ կիրառել:

«Ընդունելով, որ այս տարվա պայմաններն իրապես անոմալ էին, իրապես ձյան քանակը շատ էր, խնդիրները ավելին էին, ուզում եմ մի քանի բանի վրա կենտրոնանալ կառուցողական տրամաբանությամբ, սա խնդրում եմ մեղադրանք չընդունել։ Հաջորդ տարի պատրաստված լինենք խնդիրները լուծելու նորարարական տարբերակներով՝ իմանալով x, y, z ժամերին ձյունը գալիս է, նոր տեխնոլոգիա կա, որ մենք էլ փորձարկենք՝ աղաջրի լուծույթ փողոցներում նախապես ցանելը», – ասել է Ավինյանը, հայտնում է Auroranews.am-ը:

Ավինյանն իր երախտագիտությունն է հայտնել բոլոր ներգրավվածներին։

«Հարյուրավոր մարդիկ աշխատել են, որ մեր ճանապարհները, մայթերն անցանելի դառնան», – ասել է նա։

Նա անդրադարձել է նաև աշխատանքի ընթացքում ի հայտ եկած դժվարություններին՝ ընդգծելով, որ հնչած դժգոհությունները պետք է դիտարկել որպես հնարավորություն՝ հետագա ձյան օրերին առավել պատրաստ լինելու և նորարարական մոտեցումներ գործադրելու համար, հատկապես այն դեպքերում, երբ կանխատեսվում են ցերեկային տեղումներ։

«Ինչ վերաբերում է մայթերին, խնդիրը տեսնում եմ համակարգային. նոր լուծումներ են պետք, ինչքան էլ մենք տեխնիկա ավելի շատ գնենք, թույլ չի տալու ամբողջ ծավալով փակել։ Համատիրությունների հետ աշխատանքները կոորդինացնելու նոր մեխանիզմ է մեզ պետք», – նշել է քաղաքապետը։

Քաղաքապետը նաև շեշտել է, որ մասնավոր հատվածը ևս պատասխանատվություն ունի մայթերի մաքրման գործում՝ ընդգծելով այդ պարտավորությունների կարևորությունը։

«Մեր մասնավոր գործընկերներից շատերն այս տարի բացահայտեցին, որ ունեն պարտավորություն իրենց դիմացի մայթերը մաքրելու։ Ասեմ ավելին, ուզում եմ այդ գործընկերներին մի վատ լուր էլ հայտնել՝ ունեն առհասարակ պարտավորություն իրենց դիմացի հատվածները տարին 12 ամիս պատշաճ տեսքի բերելու և հետևելու, որ իրենց դիմացի հատվածը լինի ավագանու որոշման ստանդարտներին համապատասխան», – ասել է նա։

Leave a Comment