Երևանի օդն աղտոտվում է նաև տարածաշրջանի երկրների արտանետումների պատճառով․ Տիգրան Ավինյան

Երևանում օդի աղտոտվածության մակարդակի բարձրացումը հիմնականում պայմանավորված է մթնոլորտային ինվերսիոն շերտի տատանումներով, քաղաքի աշխարհագրական դիրքով և հարևան երկրներից եկող անդրսահմանային արտանետումներով։ Այս մասին քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ վկայակոչելով քաղաքում տեղադրված չափիչ սարքերի տվյալների վերլուծությունը։ Ավինյանի խոսքով՝ նոյեմբերից սկսած, երբ մթնոլորտային շերտն իջնում է, օդի որակի խնդիրն ավելի է սրվում, քանի որ փոշու կոնցենտրացիան մեծանում է։

Հայաստանը հանդիսանում է «ռեցեպտոր երկիր», ինչը նշանակում է, որ տարածաշրջանից կլանվող աղտոտվածության ցուցանիշներն ավելի բարձր են, քան քաղաքի սեփական արտանետումները։

Քաղաքապետը նշել է, որ թեև հարևան երկրներից եկող օդի հոսքերը կառավարելն անհնար է, քաղաքային իշխանությունները կարող են որոշակի սահմանափակումներ կիրառել ներքին գործոնները մեղմելու համար։

«Կան գործոններ, որոնք որ մեր ազդեցությունից դուրս են, հարևան երկրների հետ կապված այդ օդը, որ գալիս է, մեկ է, մենք չենք կարող դա կառավարել, բայց կարող ենք նվազագույնը կառավարել այն, ինչ որ տեղի է ունենում մեր քաղաքում և մեր երկրում»,- հայտարարել է նա։

Առաջիկայում նախատեսվում է օդի որակի մոնիթորինգի և կառավարման նոր թվային գործիք ներդնել GIS համակարգում։ Այս գործիքը թույլ կտա 180 չափիչ սարքերից ստացվող տեղեկատվությունը պրոյեկտել քարտեզի վրա և հասանելի դարձնել հանրությանը։

Համակարգի հիմնական նպատակն է լինելու կանխատեսել օդի որակի փոփոխությունները՝ հիմնվելով մթնոլորտային շերտերի սպասվող տատանումների վրա։ GIS հարթակի միջոցով հնարավոր կլինի նախապես տեսնել, թե կոնկրետ որ օրերին է սպասվում մթնոլորտային «առաստաղի» իջեցում, ինչը հանգեցնում է աղտոտվածության կտրուկ աճի։ Սա քաղաքային իշխանությունների համար հնարավորություն կլինի նախապես պլանավորելու և կիրառելու որոշակի սահմանափակումներ, որոնք թույլ կտան նվազագույնի հասցնել քաղաքի ներսում առաջացող արտանետումները և մեղմել աղտոտվածության ազդեցությունը։

Նիստի ընթացքում Տիգրան Ավինյանը հանձնարարել է շարունակել նոր սարքավորումների տեղադրումը՝ խնդիրն էլ ավելի մանրամասն ներկայացնելու և հետագա լուծումներն իրականացնելու համար։

Leave a Comment