Հայաստանում 2 տարում հաջողվել է ավտովթարների զոհերի թիվը կրճատել 95–ով․ Փաշինյանը նշել է պատճառը (ՎԻԴԵՈ)

Փաշինյանն անդրադարձել է ճանապարհատրանսպորտային պատահարներից զոհերի թվին և հայտնել, որ 2 տարվա արդյունքներով շուրջ 95 կյանք է խնայվել․ ՎԻԴԵՈ


ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր Facebook-յան էջում տեսանյութ է հրապարակել, որում անդրադարձել է ճանապարհատրանսպորտային պատահարներից զոհերի թվին և հայտնել, որ 2 տարվա արդյունքներով շուրջ 95 կյանք է խնայվել:


Նրա խոսքով` վերջին տարիներին շատ կարևոր մի փոփոխություն է արձանագրվել` ճանապարհատրանսպորտային պատահարների զոհերի թիվը կայուն ձևով նվազում է։ 


«Մասնավորապես, եթե համեմատենք 2023 թվականի հետ, 2024 թվականին նվազումը 45 է, այսինքն` 45 զոհով պակաս, իսկ 2025 թվականին 50 զոհով պակաս, և սա այն պայմաններում, երբ ավտոմեքենաների թիվը ամեն օրվա հետ աճում է», – նշել է Փաշինյանը: 


Վարչապետը հայտնել է, որ վերլուծությունը ցույց է տվել, որ այս փոփոխության պատճառներից մեկը ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարող վարորդներին վարորդական իրավունքից զրկելն է: 


«Բազմաթիվ քաղաքացիներ, որոնք խմած վիճակում ավտոմեքենա են վարել, զրկվել են վարորդական իրավունքից, բայց մյուս կողմից` այդ որոշումների արդյունքում մենք 95 պայմանական մարդու կյանք փրկել ենք, և իհարկե, ես գիտեմ, որ կան մարդիկ, որոնք դժգոհ են խմածության բերումով վարորդական իրավունքից զրկված լինելու համար, բայց որևէ մեկը չգիտի, թե 95 պոտենցիալ զոհերի մեջ ով և ում ընտանիքի անդամը կլինի», – նշել է Փաշինյանը: 


Վարչապետի խոսքով` հանրության շրջանում պետք է լինի կոնսենսուս և համաձայնություն, որ խմած, ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարող վարորդները պետք է զրկվեն վարորդական իրավունքից:




Leave a Comment