Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է վերջին տարիներին գրանցված ճանապարհատրանսպորտային պատահարների զոհերի թվին։ Նա նշել է, որ ճանապարհատրանսպորտային պատահարների զոհերի թիվը կայուն ձևով նվազում է, մասնավորապես, 2023 թվականի հետ համեմատությամբ 2024 թվին նվազումը 45 է, իսկ 2025 թվականին՝ 50 զոհով պակաս։
«Փաստորեն, երկու տարվա արդյունքներով շուրջ 95 կյանք է խնայվել ճանապարհատրանսպորտային պատահարներից։ Եվ մենք վերլուծում ենք, թե որոնք են այս փոփոխության պատճառները, և մեր եզրակացությունը միանշանակ է, որ պատճառներից մեկը ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարող վարորդներին վարորդական իրավունքից զրկելն է։ Ես նամակներ եմ ստանում քաղաքացիներից, ովքեր ասում են, որ միջնորդում են, որպեսզի ժամկետից շուտ վերականգնվի վարորդական իրավունքը և այլն, բայց հիմա իմ խոսքը բոլորովին այլ բանի մասին է։ Բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր խմած վիճակում ավտոմեքենա են վարել, զրկվել են վարորդական իրավունքից, բայց մյուս կողմից այդ որոշումների արդյունքում մենք 95 պայմանական մարդու կյանք փրկել ենք և իհարկե, ես գիտեմ, որ կան մարդիկ, ովքեր դժգոհ են խմածության բերումով վարորդական իրավունքից զրկված լինելու համար, բայց որևէ մեկը չգիտի, թե 95 պոտենցիալ զոհերի մեջ ով և ում ընտանիքի անդամը կլինի, այնպես որ, ես կարծում եմ, որ մեր հանրության շրջանում պետք է լինի կոնսենսուս, համաձայնություն, որ խմած, ոչ սթափ վիճակում, ավտոմեքենա վարող վարորդները պետք է զրկվեն վարորդական իրավունքից։ Մենք չենք ուզում, որ նրանք զրկվեն վարորդական իրավունքից, մենք ուզում ենք, որ նրանք ալկոհոլ օգտագործած, խմած վիճակում ավտոմեքենա չվարեն, որովհետև, էլի եմ ասում, ոչ մեկ չգիտի, թե ում կյանքերն են փրկվել այս գործողությունների արդյունքում։ Վստահաբար ներառյալ նաև զրկված վարորդների, ընտանիքների անդամների կյանքերը»,-ասել է վարչապետը։