Գորիսում նռնակի պայթյունից 2 մարդ է զոհվել, 1-ը՝ վիրավորվել

Գորիսում նռնակի պայթյունից 2 մարդ է զոհվել, 1-ը՝ վիրավորվել

26 հունվարի 2026 – 10:24 AMT

PanARMENIAN.NetԳորիսում տեղի ունեցած նռնակի պայթյունի հետևանքով 2 մարդ է զոհվել է, 1-ը՝ վիրավորվել։

Հունվարի 25-ին՝ ժամը 17։05-ին, Գորիսի Թոզկապ կոչվող վայրում, գերեզմանների մոտ, տեղի է ունեցել վիճաբանություն։

Նշված վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբեր։ Պարզվել է, որ կենցաղային հարցերի շուրջ տեղի է ունեցել վիճաբանություն, ինչի ընթացքում 45-ամյա Վարուժան Յոլյանի ձեռքի նռնակը պայթել է: Վարուժան Յոլյանը և 38-ամյա Արմեն Յոլյանը մահացել են, իսկ վիճաբանությանը ներկա Գորիսի 30-ամյա բնակիչը ստացել է վնասվածքներ և տեղափոխվել բժշկական կենտրոն։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, դեպքի բոլոր hանգամանքները պարզվում են»,- հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը:

Գորիսի համայնքապետի հայրը՝ Գագիկ Առուշանյանը, հայտնել է, որ միջադեպը ծագել է համայնքապետի վարորդի և նրա հորեղբոր տղայի միջև ծագած վեճից, հայտնում է Factor.am-ը:

«Վարորդն ու իր հորեղբոր տղան հողի հետ կապված վիճաբանություն են ունեցել, մի քանի օր առաջ էլ են վիճել։ Վարորդին կանչել է հաշիվ պարզելու, ուզել է նռնակը գցի վարորդի վրա, վարորդն էլ թռել է, որ ձեռից վերցնի, հանկարծ չպայթեցնի, միասին պայթել են»,- պատմել է Առուշանյանի հայրը։

Նրա փոխանցմամբ՝ պայթյունի հետևանքով վիրավորված քաղաքացին վարորդի ընկերն է։

«Ընկերը նորմալ է ընդհանուր վիճակը լավ է հարվածը վարորդի վրա է եղել»,- ասել է Առուշանյանը։

Նա հավելել է, որ որդին միջադեպին չի մասնակցել, և պատահարի պահին մարզասրահում է գտնվել։

Դեպքի կապակցությամբ Քննչական կոմիտեն նախաձեռնած քրեական վարույթը հարուցել է Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով՝ 155-րդ հոդվածի (սպանություն) երկու դրվագով, 44-155-րդ հոդվածով (սպանության փորձ) և 335-րդ հոդվածով, որը վերաբերում է հրազենի, դրա հիմնական բաղադրիչների, ռազմամթերքի ու այլ նյութերի կամ սարքերի ապօրինի շրջանառությանը։ Այս տեղեկությունը տրամադրել են ՔԿ-ից, հայտնում է Auroranews-ը։

Leave a Comment