Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու փաստաթուղթը լիովին պատրաստ է․
«Մեզ համար անվտանգության երաշխիքները, առաջին հերթին, ԱՄՆ-ի կողմից անվտանգության երաշխիքներ են։ Փաստաթուղթը 100%-ով պատրաստ է, և մենք սպասում ենք մեր գործընկերներից՝ ամսաթիվը և վայրը հաստատելու, երբ մենք կստորագրենք այն», – ասել է Զելենսկին Վիլնյուս կատարած այցի ընթացքում լրագրողների հետ ճեպազրույցում։
Նա հավելել է, որ փաստաթուղթը ստորագրումից հետո կուղարկվի վավերացման ԱՄՆ Կոնգրես և Ուկրաինայի խորհրդարան։
Հունվարի 24-25-ին Աբու Դաբիում առաջին անգամ տեղի ունեցավ եռակողմ հանդիպում՝ ուկրաինական և ռուսական բանակցողների մասնակցությամբ և ԱՄՆ միջնորդների ներգրավմամբ։ Քննարկվեց Վաշինգտոնի առաջարկած շրջանակը գրեթե չորս տարի տևող պատերազմն ավարտելու համար, սակայն համաձայնություն չհասան։
Այդուհանդերձ, և՛ Մոսկվան, և՛ Կիևը հայտարարել են հետագա երկխոսության պատրաստակամության մասին։
«Աբու Դաբիում քննարկվում են 20 կետից բաղկացած (ամերիկյան) պլանը և խնդրահարույց հարցերը։ Խնդրահարույց հարցեր շատ էին, բայց հիմա դրանք ավելի քիչ են», – ասել է Զելենսկին։
Նա նշել է, որ Մոսկվան ամեն ինչ անում է, որպեսզի Ուկրաինան հրաժարվի արևելյան շրջաններից, որոնք Ռուսաստանին չի հաջողվել գրավել։ Սակայն Կիևը, ըստ նրա, չի շեղվում իր դիրքորոշումից՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանման վերաբերյալ։
«Սրանք երկու հիմնարարորեն տարբեր դիրքորոշումներ են՝ Ուկրաինայի և Ռուսաստանի։ Ամերիկացիները փորձում են գտնել փոխզիջում», – ասել է Զելենսկին՝ հավելելով, որ բոլոր կողմերը, այդ թվում՝ ամերիկացիները, պետք է պատրաստ լինեն փոխզիջումների։
