Գորիսում նռնակի պայթյունի հետևանքով զոհվել է 2, վիրավորվել 1 մարդ․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Գորիսում տեղի ունեցած նռնակի պայթյունի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, կա երկու զոհ և մեկ վիրավոր, Armenia Today-ին հայտնել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ պայթյունի հետևանքով վիրավորվել է ևս մեկ մարդ։ Սարգսյանը հայտնել է, որ քրեական ոստիկանության աշխատակիցները միջոցներ են ձեռնարկում միջադեպի հանգամանքները պարզելու համար։

Գորիսի փոխքաղաքապետ Արտյոմ Աղաջանյանը NEWS.am-ին հայտնել է, որ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի վարորդն է սպանվել։ 24news-ի տեղեկություններով՝ ողբերգական միջադեպը կենցաղային պատճառ ունի, Առուշանյանն այս թեմայի հետ կապ չունի: Կայքը նշել է, որ վեճի ժամանակ նռնակ է պայթել, որի հետևանքով սպանվել է Առուշանյանի վարորդը, երկար ժամանակ Հայաստանում չբնակված նրա հեռավոր բարեկամը, ում հետ էլ տեղի է ունեցել վեճը, ինչպես նաև Արցախից եկած երիտասարդ է վիրավորվել, այժմ նրան վիրահատում են:

Armlur-ի տվյալներով՝ Գորիսի համայնքապետի վարորդն ու նրա ազգական Վարուժան Յոլյանը տարաձայնություններ են ունեցել պապական առանձնատունը կիսելու հարցում։ Կայքը հավելել է, որ չնայած խնդիրը քննվել է դատարանում, սակայն կողմերը չեն սպասել իրավական հանգուցալուծմանը։

Քննչական կոմիտեից Armenia today-ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանություն, 2 դրվագ, պատժվում է ազատազրկմամբ՝ 14-20 ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ), 44-155-րդ հոդվածի (սպանության փորձ), 335-րդ հոդվածի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառություն) հատկանիշներով (պատժվում է ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով):

Leave a Comment