Գորիսի գերեզմանների մոտ նռնակի պայթյունից կան զոհեր
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր Գորիսում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով մահացել է երկու մարդ, ևս մեկը վիրավորվել է։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամ 18։30-ի սահմաններում ոստիկանության գլխավոր վարչության Գորիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գորիս քաղաքի «Թոզկապ» կոչվող տարածքում՝ գերեզմանների հարևանությամբ միջադեպ է տեղի ունեցել, որի ժամանակ պայթյուն է հնչել և կան տուժածներ։
Տեղում պարզվել է, որ ստացած օպերատիվ տեղեկությունը հավաստի է և կա 2 զոհ, 1 վիրավոր։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել, նշել են, որ մահացածներից մեկը Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի վարորդն է։
Դեպքի փաստով քննչական վարչությունում «սպանություն» և «սպանության փորձի» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Շամշյանի տեղեկություններով զինված ողբերգական այս դեպքի հետ Առուշ Առուշանյանը ըստ նախնական և օպերատիվ տեղեկությունների առնչություն չունի և իրավապահները մի քանի վարկածի ուղղությամբ են աշխատում, այդ թվում կենցաղային։
Կայքի տեղեկություններով մահացածներից մեկը Սյունիքի մարզի բնակիչ Վ․ Յոլյանն է, մյուսն էլ Առուշ Առուշանյանի վարորդ Ա․ Յոլյանը և նրանք ազգականներ են։
Armlur.am–ի հաղորդմամբ, Գորիսի քաղաքապետի վարորդն իր հարազատների հետ կենցաղային հարցերի հետ կապված տարիների վեճ է ունեցել։
Առուշանյանի վարորդ Արենը, որ ազգական Վարուժան Յոլյանի հետ, պապական առանձնատունը կիսելու շուրջ տարիներ շարունակ կոնֆլիկտ են ունեցել։ Անգամ առանձնատան հարցով գործը հասել է դատարան, սակայն կողմերը չեն սպասել դատարանի որոշմանը և առանձնատունը կիսելու թեման այնքան է խորացել ազգականների հետ, որ բանը հասել է կռվին ու միջադեպի ժամանակ նռնակ են նետել ու 2 հոգի՝ Գորիսի քաղաքապետի վարորդը և նրա ազգականը մահացել են։
ՆԳՆ–ից հաստատել են, որ Գորիսում, ըստ նախնական տեղեկությունների, նռնակի պայթյունի հետևանքով կա 2 զոհ, 1 վիրավոր: ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները ձեռնարկում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: