Հունվարն ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղի իրազեկման ամիսն է։ ՀՀ ԱՆ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Օնկոգինեկոլոգիական բաժանմունքի բժիշկ, մանկաբարձ-գինեկոլոգ Արթուր Բոյաջյանը 168TV-ի եթերում հայտնեց, որ հիվանդությունն առաջանում է, երբ արգանդի պարանոցում սկսում են զարգանալ ոչ նորմալ բջիջներ, որի դեպքում կանայք սկսում են գանգատվել արգանդային արյունահոսությունից՝ դաշտանից դուրս արյուն տեսնելով։ Արյունային արտադրություն լինում է նաև սեռական հարաբերության ժամանակ։ Հանդիպում է նաև դեղնավուն, տհաճ հոտով արտադրություն։

«Մի մասը բողոքում է որովայնի ստորին հատվածի ցավերից, մյուսը՝ գոտկային։ Իսկ, երբ ուռուցքն ավելի է աճում, սկսում է ազդել հարևան օրգանների վրա։ Իսկ այդ օրգաններն են միզապարկը և ուղիղ աղին։ Այս դեպքում գումարվում են նոր գանգատներ, սկսվում է արյունամիզություն, դժվարամիզություն, ուղիղ աղիքային արյունահոսություն։ Հիմնականում հիվանդանում են 35-55 տարեկան կանայք։ 65-ից բարձր տարիք ունեցող կանայք 20 տոկոս են կազմում, և ավելի հազվադեպ՝ 20 տարեկանից ցածր կանայք։

ԱՀԿ տվյալներով՝ աշխարհում տարեկան 600.000 նոր դեպք է գրանցվում, որից 300.000-ն ունենում է մահացու ելք։ Հայաստանում տարեկան ունենում ենք 250 նոր դեպք, այսինքն՝ 100.000 բնակչի հաշվով՝ 16 նոր դեպք 35-50 տարեկանների շրջանում»,- մանրամասնեց գինեկոլոգը։
Արթուր Բոյաջյանն ընդգծեց՝ արգանդի պարանոցի քաղցկեղը կարելի է կանխել և վաղ ախտորոշել։
«Առաջացման պատճառների մեջ 90 տոկոսը մարդու պապիլոմավիրուսն է, ապա՝ վաղ սեռական կյանքով ապրելը, բազմաթիվ սեռական զուգընկերներ ունենալը, վաղ մենարխեն, ուշ դաշտանադադարը, ծխելը, ՄԻԱՎ-ը»,- նշեց բժիշկը:
Գինեկոլոգի խոսքով՝ քաղցկեղը հնարավոր է կանխել՝ պատվաստվելով պապիլոմավիրուսի դեմ. եթե անձը 25 տարեկանից փոքր է, կատարվում է երկու պատվաստում, եթե բարձր է՝ երեք։
Մանրամասները՝ տեսանյութում: