Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է արագացնել հանրապետությունում մինչև 15 տարեկան երեխաների համար սոցիալական ցանցերն արգելող օրենքի ընդունման գործընթացը: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել Է BFMTV հեռուստաալիքը։
«Ես կառավարությանը հանձնարարել եմ արագացված ընթացակարգ կիրառել օրենքի ընդունման համար», – նախագահի խոսքը մեջբերում է հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ խորհրդարանը օրինագիծը կսկսի քննարկել արդեն հունվարի 26-ից։
«Սա շատ հստակ ազդանշան է. մեր երեխաների և մեր դեռահասների ուղեղները չեն վաճառվում։ Նրանց հույզերը չեն վաճառվում ոչ ամերիկյան հարթակներին, ոչ էլ չինական ալգորիթմներին», – ընդգծել Է Մակրոնը։
Նույն օրենքը դեռահասներին կարգելի բջջային հեռախոսներ օգտագործել դպրոցներում։
Ֆրանսիայի առաջնորդն ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր է գործել «ավստրալական օրինակով»: 2025 թվականի դեկտեմբերի 9-ին Ավստրալիայում ուժի մեջ է մտել օրենքը, որն արգելում է սոցիալական ցանցեր մուտք գործել 16 տարեկանից ցածր անձանց։ Ինչպես հաղորդվել Է երկրի ինտերնետ-կարգավորիչի հայտարարության մեջ, 2025 թվականի դեկտեմբերի 10-ից Ավստրալիայում աշխատող սոցցանցերը պարտավոր են ապաակտիվացնել երեխաների և դեռահասների հաշիվները: