ԱՄՆ-ն կանադական ապրանքների վրա 100% մաքսատուրք կսահմանի, եթե Կանադան համաձայնության գա Չինաստանի հետ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս մասին նա գրել է Truth Social-ում:
«Եթե Կանադան համաձայնության գա Չինաստանի հետ, ապա անմիջապես կբախվի ԱՄՆ մտնող բոլոր կանադական ապրանքների վրա 100% մաքսատուրքի»,-գրել է Թրամփը։
Նա հավելել է, որ Չինաստանը կուտի Կանադային կենդանի վիճակում, ամբողջությամբ կկործանի այն՝ ներառյալ նրա բիզնեսների ոչնչացումը, հասարակական կառուցվածքի փլուզումը և կյանքի ընդհանուր կերպի վերացումը»։
Թրամփի և Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի միջև լարվածությունը, ըստ BBC-ի, վերջին օրերին սրվել է այն բանից հետո, երբ Քարնին Շվեյցարիայի Դավոս քաղաքում ունեցած ելույթում հանդես է եկել աշխարհի խոշոր տերություններին քննադատող հայտարարություններով։
Վերջերս նա հանդիպել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ և հայտարարել, որ երկու երկրները առևտրային համաձայնագիր են կնքել, որը ներառում է նաև էլեկտրական ավտոմեքենաների ոլորտը։
Այդ ժամանակ Թրամփը հնարավոր գործարքը գնահատել էր որպես «լավ բան»։
Դեռևս պարզ չէ՝ արդյոք այդ համաձայնագիրն ուժի մեջ է մտել, կամ արդյոք Թրամփը դրա մասին էր խոսում:
