ԱՄՆ-ն ու Իրանը կվերադառնան բանակցային սեղան. Գանտահարյան

ԱՄՆ-ն ու Իրանը կվերադառնան բանակցային սեղան. Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցն է միջազգայնագետ Շահան Գանտահարյանը։

– Տեղի ունեցավ ՌԴ նախագահի հանդիպումը ԱՄՆ նախագահի բանագնացների հետ։ Ինչպես կմեկնաբանեք այդ հանդիպումն ու դրա արդյունքները։

– ԱՄՆ-ՌԴ դիվանագիտական ուղին՝ երկխոսությունը բաց պահելու հրամայական։ Արդյունքները չեն լինելու անմիջական․ երկխոսությունը հանգրվաններով կշարունակվի, և գուցե սկսեն քննարկվել մարդասիրական բնույթի խնդիրներ․ անգամ՝ հրադադարի հնարավորություններ։

– Պուտինի օգնական Ուշակովը հայտարարեց, որ «առանց տարածքային հարցի լուծման»՝ հնարավոր չէ ակնկալել երկարաժամկետ կարգավորում։ «Քանի դեռ այդ հարցը չի լուծվել, Ռուսաստանը կշարունակի հատուկ ռազմական գործողության շրջանակում սահմանված նպատակների իրականացումը»։ Սա ինչ է նշանակում՝ կբարդանա՞ գործընթացը, թե՞ ընդհակառակը։

– Ամբողջ հանգույցը տարածքներին է վերաբերում։ Տարածքների խնդիրը կարմիր գիծ է։ Բանակցությունները կգնան կարմիր գծերի ճշտման, գուցե՝ ստատուս քվոյի հաստատման, բայց ոչ՝ բովանդակ խաղաղության հաստատման։ Այս առումով ամբողջական-փաթեթային պայմանավորվածության նախադրյալներ դեռ չկան։

– Նաև նախատեսված է եռակողմ հանդիպում Աբու Դաբիում, Ուկրաինան համաձայնվել է մասնակցել. ի՞նչ ակնկալիքներ կարելի է ունենալ։

– Չեզոք գոտում են հանդիպում․ սա առաջին տպավորությունն է: Կարող են հաջորդել այլ հանդիպումներ։ Գործընթացը շարունակելու նախադրյալ է ավելի, քան՝ խորքային բանակցություններ։ Չեմ կարծում, որ կարճաժամկետ կտրվածքով կլինեն համաձայնություններ։ Հանդիպումը իրականացվում է ԱՄՆ-ի ճնշումով և իր ճշտած կանոններով։

– Կարելի՞ է առաջիկա ամիսներին փաստաթղթի ստորագրում ակնկալել։

– Լիարժեք տեղեկատվություն չկա․ նախկին մթնոլորտը ինչ-որ չափով լիցքաթափել է։ Շղթայական գործողությունների շրջափուլում պիտի դիտարկել ներիրանյան իրադարձությունները։ Իրանը արտաքին հարվածներ ստանալուց հետո հիմա դիմակայում է ներքին խնդիրների։ Փոխկապակցված են երևույթները։ Այս բոլորը արդյունք են երկար ժամանակ ի վեր կիրառվող պատժամիջոցային քաղաքականության։ 

– Նաև կխնդրեի անդրադառնալ Իրանում ստեղծված իրավիճակին։ Ի՞նչ է կատարվում հիմա, ի՞նչ ակնկալել։ Այս համատեքստում ամերիկա-իրանյան հարաբերություններն ինչպե՞ս կմեկնաբանենք՝ Թրամփը շարունակում է սպառնալ Իրանին, որ կհարվածի։

– Վայրիվերումներով են հատկանշվում հարաբերությունները։ Սպառնալիքները ճնշում են՝ վերադառնալու բանակցային սեղան, բայց այս անգամ՝ ոչ նույն դիրքերից։ Վաշինգտոնի նպատակը արտաքին-ներքին հարվածներից հետո վերստին հրավիրելն է բանակցելու։ Բանակցությունները անպայման վերսկսվելու են։ ԱՄՆ-ն ավելի պայման թելադրելու դիրքեր գրավելու ճիգի մեջ է։ Այս պարունակում պիտի դիտարկել նաև սպառնալիքները։

Արման Գալոյան

Leave a Comment