Ուկրաինան չպետք է անդամակցի ՆԱՏՕ-ին, նրա տեղը պետք է մնա որպես «բուֆերային գոտի» դաշինքի և Ռուսաստանի միջև, քանի որ ՆԱՏՕ-ի մոտեցումը անմիջապես Ռուսաստանի սահմաններին մշտական ռազմական հակամարտության սպառնալիք կստեղծի։ Այսպիսի տեսակետ է հայտնել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով իշխող «ՖԻԴԵՍ-Հունգարական քաղաքացիական միություն» կուսակցության ակտիվիստների հանդիպման ժամանակ՝ երկրի հարավ-արևմուտքում գտնվող Կապոշվարի քաղաքում։
Նա հիշեցրել է, որ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումը դարձել է ներկա հակամարտության գլխավոր պատճառներից մեկը, որը հնարավոր է կարգավորել միայն հաշվի առնելով Ռուսաստանի անվտանգության ոլորտի շահերը։
«Ես չեմ տեսնում այլ լուծում, բացի այն, որ պետք է ընդունել՝ ՆԱՏՕ-ն և ԵՄ-ը չեն կարող իրենց զորքերը մոտեցնել Ռուսաստանի սահմաններին, քանի որ ռուսները միշտ արձագանքելու են ռազմական գործողություններով»,-ասել է կառավարության ղեկավարը, իսկ նրա ելույթը հեռարձակել են հունգարական հեռուստաալիքները։