Վրաստանում գտնվող օտարերկրացի քաղաքացիները պարտավոր կլինեն ստանալ D1 վիզա կամ ժամանակավոր բնակության թույլտվություն՝ աշխատանքի համար։
Վրաստանի աշխատանքային միգրացիայի մասին օրենսդրության փոփոխությունները ուժի մեջ կմտնեն մարտի 1-ից։ Այս փոփոխությունները խստացնում են օտարերկրացիների, այդ թվում՝ Ռուսաստանի քաղաքացիների զբաղվածության կարգավորումները, հաղորդում է «Interpressnews»։
«Աշխատանքային միգրացիայի մասին» օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ երկրում ցանկացած վճարովի աշխատանքի համար օտարերկրացիներին անհրաժեշտ կլինի հատուկ աշխատանքային թույլտվություն, ինչպես նաև D1 աշխատանքային վիզա կամ մշտական բնակության թույլտվություն։ Առանց այդ փաստաթղթերի օրինական զբաղվածությունը անհնար կլինի։
Գործընթացը կլինի բազմափուլ. նախ՝ օտարերկրացիները պետք է գրանցվեն որպես աշխատանքային միգրանտներ, ստանան աշխատանքային թույլտվություն, ապա, դրա հիման վրա, ստանան վիզա կամ մշտական բնակության թույլտվություն։ Այս պահանջները կվերաբերեն ինչպես աշխատողներին, այնպես էլ անհատ ձեռնարկատերերին։
Գլխավոր նորամուծություններից մեկը հենց «աշխատանքային գործունեության իրավունքն» է, առանց որի կարգելվի օտարերկրյա ներկայացուցչի հետ կնքել աշխատանքային կամ ծառայությունների մատուցման պայմանագիր։
«Աշխատանքային գործունեության իրավունք» տրամադրող մարմին է սահմանվել Վրաստանի օկուպացված տարածքներից տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարությունը, որին պետք է դիմի գործատուն։ Հատկանշական է, որ առանց աշխատանքային գործունեության իրավունքի աշխատելը կհանգեցնի տուգանքի ինչպես օտարերկրացի աշխատակցի, այնպես էլ գործատուի համար2000 լարի տուգանք, ինչպես նաև այլ պատժամիջոցներ, այդ թվում՝ մուտքի մերժում և բնակության կարգավիճակի չեղարկում։