Աբու Դաբիում Ուկրաինայի շուրջ անցկացված երկօրյա բանակցությունները վերաբերել են ԱՄՆ-ի խաղաղության ծրագրի չլուծված հարցերին, այդ մասին ասվում է ԱՄԷ արտաքին գործերի նախարարության հայտարարությունում, որը ներկայացրել է «ՌԻԱ Նովոստին»։
«Քննարկումները տեղի են ունեցել կառուցողական և դրական մթնոլորտում և ներառել են ռուս և ուկրաինացի ներկայացուցիչների անմիջական շփումները՝ ԱՄՆ-ի կողմից առաջարկված խաղաղության համաձայնագրի չլուծված հարցերի շուրջ, ինչպես նաև վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումներ, որոնք պետք է նպաստեն համապարփակ համաձայնության հասնելու գործընթացում առաջընթացին», – հայտնել են գերատեսչությունից։
Աբու Դաբիում հունվարի 24-ին ավելի վաղ ավարտվել էին անվտանգության հարցերին նվիրված Մոսկվայի, Վաշինգտոնի և Կիևի պատվիրակությունների երկօրյա բանակցությունները։ Դրանք անցկացվել էին փակ ձևաչափով։
Սպասվում է, որ հանդիպումների արդյունքների մասին կհայտնեն լիազորված անձինք Ռուսաստանում, ԱՄՆ-ում և Ուկրաինայում։ Բանակցությունների նոր փուլը կարող է կայանալ հաջորդ շաբաթ՝ ԱՄԷ-ում։
Ռուսական բանակցային խումբը գլխավորում է Զինված ուժերի գլխավոր շտաբի վարչության պետ Իգոր Կոստյուկովը: Եռակողմ աշխատանքային խմբի ուկրաինական մասը գլխավորում է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը:
