Ձեր անգործությունը կարող է կյանքեր արժենալ. որտե՞ղ են մսխվում միլիոնավոր դրամները. Գառնիկ Դանիելյանը՝ քաղաքային իշխանություններին

24 Հունվարի, 2026

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․ «Վերջին շրջանում վթարային այսպիսի բազմաթիվ իրավիճակների ենք ականատես լինում քաղաքային իշխանությունների անգործության հետևանքով:

Երեկ հատկապես, երբ ձյան առատ տեղումներից հետո կաթվածահար էր եղել երթևեկությունը, մեր քաղաքացիներից ստանում էինք ահազանգեր, վթարների վայրերից լուսանկարներ: Տպավորություն է, որ ամեն անգամ իշխանություններն անակնկալի են գալիս տեղումներից՝ պատրաստ չլինելով նման իրավիճակի: Որտե՞ղ են մսխվում այն միլիոնավոր դրամները, որոնք պետք է ուղղվեին այս աշխատանքներին:

Չեն մաքրվում միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները, փողոցները, մայթերը, բակերը: Չեն կատարվում մայթեզրերից, շենքերի տանիքներից սառույցների մաքրման աշխատանքներ, ինչի հետևանքով մեր հայրենակիցները հայտնվում են բժշկական հաստատություններում:

Մայրաքաղաքի փողոցները լի են նաև փոսերով. երբեմն մեքենաները դժվարությամբ են դուրս գալիս փոսերից, ինչն էլ ստեղծում է վթարային իրավիճակներ:

Ձեր անգործությունը կարող է կյանքեր արժենալ: Ինչպես մյուս ոլորտները, այնպես էլ այս մեկը, որի կազմակերպումը առանձնապես մեծ ջանքեր չի պահանջում, տապալել եք ձեր կառավարման յոթ տարիների ընթացքում»:

Leave a Comment