Վիգեն Էուլջեքչյանը հիմա երջանիկ է, սակայն առողջական խնդիրներ ունի, չի կարողանում նորմալ քնել. Լինդա Էուլջեքչյան

Ադրբեջանական գերությունից վերադարձած լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանը հիմա երջանիկ է, սակայն առողջական խնդիրներ ունի, չի կարողանում նորմալ քնել, Pastinfo-ի հետ զրույցում պատմել է նրա կինը՝ Լինդա Էուլջեքչյանը: Նրա խոսքով՝ Վիգենի մի ականջը չի լսում, բացի այդ խնդիր ունի մեջքի հատվածում, չի կարողանում առանց կորսետի քայլել: «Մեջքը, ականջներն են, երբ էյֆորիան անցնի, պիտի հասկանանք, թե ինչ խնդիրների առաջ ենք կանգնած», – ասել է կինը՝ նշելով, որ նկատի ունի հոգեկան առողջությունը, որին կարող է հարված հասցված լինել գերության ընթացում: Ըստ Լինդա Էուլջեքչյանի՝ ամուսինը փորձում է բնական երևալ, բայց մինչև հիմա չի կարողանում աչք փակել, քնել, իսկ երբ մենակ է լինում, լալիս է, քանի որ այդպես էլ չկարողացավ տեսնել մորն ու վերջին հրաժեշտը տալ նրան: «Բայց հույս ունենք, որ այդ դժվարություններն էլ կհաղթահարի», – նշել է նա: Վերջինս պատմել է նաև, որ Էուլջեքչյանը ադրբեջանական գերության մեջ չորրորդ անգամ էր հացադուլ հայտարարել՝ պահանջելով հնարավորություն տալ մասնակցելու որդու հարսանիքին, սակայն ինքն այդ մասին տեղյակ չի եղել: Էուլջեքչյանի փոխանցմամբ՝ ամուսինը սկզբում չի հավատացել ազատ արձակման լուրին. «Մտածել է, որ հնարավոր է իրեն խաբում են՝ հացադուլից դուրս բերելու համար։ Նրան բացատրել են, որ պետք է սնվի, որպեսզի կարողանա դիմանալ, նրան ասել են, որ պետք է ուտես, որպեսզի կարողանաս դուրս գալ: Ասել է՝ «մինչև չհասնեմ Երևան, չեմ հավատա, որ ազատ եմ»»։ Լիբանանահայ տղամարդը բերման էր ենթարկվել 2020 թվականի նոյեմբերի 10-ին Շուշիում՝ արցախյան 44-օրյա պատերազմի մարտական գործողությունների ավարտի հաջորդ օրը: 2021 թվականի հունիսի 14-ին Բաքվի զինվորական դատարանը նրան դատապարտել էր 20 տարվա ազատազրկման՝ «վարձկանության» և «ահաբեկչության» մեղադրանքներով: Լինդա Էուլջեքչյանը հավելել է, որ բոլոր մեղադրանքն վճիռներն անարդար էին, և ամբողջ աշխարհը դա գիտի: Ադրբեջանը հունվարի 14-ին Հայաստանին էր վերադարձրել չորս գերու՝ Գևորգ Սուջյանին, Դավիթ Դավթյանին, Էուլջեքչյանին և Վագիֆ Խաչատրյանին։

Leave a Comment