Գերմանիայի բնակիչների ավելի քան 60 տոկոսը հայտարարել են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ավելի շուտ ընկալում են որպես սպառնալիք ԳԴՀ-ի համար։ Այդ մասին վկայում են սոցիոլոգիական INSA ինստիտուտի կողմից Bild թերթի պատվերով անցկացված հարցման արդյունքները։
Տվյալների համաձայն՝ հարցվածների 61 տոկոսը նշել է, որ մեծ հավանականությամբ Թրամփին դիտարկում է որպես սպառնալիք Գերմանիայի համար։ Միայն 24 տոկոսն է շարունակում նրան ընկալել որպես դաշնակից։ Եվս 15 տոկոսը հրաժարվել է պատասխանել տվյալ հարցին։
Սոցիոլոգների տվյալներով՝ գերմանացիների 52 տոկոսը կարծում է, որ Գերմանիայի կառավարությունը պետք է ավելի կոշտ դիրքորոշում որդեգրի Թրամփի հետ հարաբերություններում։ 31 տոկոսը հանդես է գալիս ավելի սերտ համագործակցության օգտին, իսկ 17 տոկոսը չի արտահայտել իր կարծիքը այս հարցում։
Հարցումն անցկացվել է հունվարի 22-23-ը։ Դրան մասնակցել է 1 004 մարդ։