Armsport.am-ը գրում է․
Կատալոնական «Բարսելոնան» շարունակում է ակտիվ աշխատանքներ տանել հաջորդ մրցաշրջանի համար կազմն ուժեղացնելու ուղղությամբ։ Ակումբի երկու գլխավոր նպատակներն են կենտրոնական հարձակվող և ձախլիկ կենտրոնական պաշտպան ձեռք բերելը: Այս մասին գրում է Sport.es-ը։
Սպորտային բաժինն արդեն զտում է թեկնածուների անունները՝ վերջնական որոշումներ կայացնելու համար: Քննարկվող տարբերակներից մեկը Դորտմունդի «Բորուսիայի» ձախլիկ պաշտպան Նիկո Շլոտերբեկն էր: Ֆուտբոլիստը որոշել է չերկարաձգել պայմանագիրը և այս ամռանը հեռանալ գերմանական ակումբից, քանի որ հունիսից նրա պայմանագրի ավարտին կմնա ընդամենը մեկ տարի:
Շլոտերբեկի ծառայությունները «Բարսելոնային» առաջարկվել էին դեռ մրցաշրջանի սկզբում: Պաշտպանը ցանկանում է կարիերայում առաջընթաց գրանցել և տեղափոխվել այնպիսի ակումբ, որտեղ կկարողանա պայքարել Չեմպիոնների լիգայի գավաթի համար: Նրա օգտին էին խոսում այս մրցաշրջանում ցուցադրած հիանալի խաղը և Հանսի Ֆլիկի գործոնը (Ֆլիկը ծանոթ է նրա հնարավորություններին, քանի որ հենց նրա օրոք է Շլոտերբեկը նորամուտը նշել Գերմանիայի հավաքականում):
Սակայն «Բարսելոնայի» սպորտային տնօրինությունը խաղացողի տվյալների մանրակրկիտ վերլուծությունից հետո բացառել է նրա տեղափոխությունը:
Ակումբում գնահատում են գերմանացու որակները, հատկապես գնդակով վստահ խաղը, սակայն փնտրում են այլ պրոֆիլի ֆուտբոլիստի: Ըստ աղբյուրի՝ «Բարսելոնայում» կարծում են, որ Շլոտերբեկին պակասում է արագությունը՝ Հանսի Ֆլիկի խաղաոճին և պաշտպանության գծին հարմարվելու համար: Այդ իսկ պատճառով «Բարսելոնան» դուրս է գալիս պայքարից, մինչդեռ «Բավարիան» և Մադրիդի «Ռեալը» շարունակում են հետաքրքրվել նրանով:
Ովքե՞ր են այլընտրանքները
Այս պահին «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում երկու այլ պաշտպաններ են, թեև նրանց տրանսֆերներն իրականացնելը բարդ կլինի.
- Ալեսանդրո Բաստոնի («Ինտեր») – Նա համարվում է գերակա նպատակը, եթե հաջողվի համաձայնության գալ իտալական ակումբի հետ:
- Միկի վան դե Վեն («Տոտենհեմ») – Երիտասարդ պաշտպանը, ըստ տեղեկությունների, ցանկանում է այս ամռանը հեռանալ Պրեմիեր լիգայից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: