Հայաստանում առաջին անգամ արձանագրվել է ՀՀ քաղաքացիների մուտքերի և ելքերի դրական տարբերություն․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2025 թվականի ամփոփիչ տվյալներով՝ Հայաստանում առաջին անգամ արձանագրվել է ՀՀ քաղաքացիների մուտքերի և ելքերի դրական տարբերություն։

Ըստ վարչապետի՝ տարվա ընթացքում Հայաստան է մուտք գործել 8660-ով ավելի ՀՀ քաղաքացի, քան հեռացել է երկրից։ Նա այս միտումը պայմանավորել է երկու գործոնով՝ խաղաղությամբ և այդ պայմաններում ընթացող տնտեսական զարգացմամբ։

Փաշինյանն ընդգծել է, որ սա խաղաղության միայն առաջին տարին է, և կանխատեսել է նմանատիպ դրական վիճակագրության շարունակականություն հաջորդող տարիներին։

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի:

Կողմերը նաև նախաստորագրել էին խաղաղության համաձայնագրի նախագիծ, որն օգոստոսի 11-ին հրապարակվել էր ՀՀ ԱԳՆ-ի կողմից: Փաստաթղթի համաձայն՝ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և հետագայում նման պահանջներ չեն առաջադրելու:

Leave a Comment