Վանաձորի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն ստացել է լիարժեք ֆինանսավորում և պատրաստվում է բացվել 2028 թվականին, հաղորդում է կենտրոնի մամուլի ծառայությունը։
Մոտ ապագայում Լոռու մարզի 5500 դեռահաս կստանա «Թումոյի» կրթական փորձառության հասանելիություն՝ միջազգային փորձագետների հետ դասընթացներ, սեմինարներ, ստուդիաներ և մենթորական աջակցություն։
Կենտրոնը նշել է, որ այս նվաճումը հնարավոր է դարձել լայնածավալ, համագործակցային ջանքերի շնորհիվ։ Անանուն ընտանիք նվիրաբերել է 5 միլիոն դոլար՝ լրացնելով բացը և հնարավոր դարձնելով Վանաձորում «Թումոյի» գործունեությունը։
«Մենք նաև մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում Թորոս Մանգասյանին, Ջուդիթ Սարյանին, Վիկտոր Զարուգյանին, Կլարա Մարկոսյանին և Մարկոսյանների ընտանիքին, ինչպես նաև հարյուրավոր աջակիցների, որոնց սկզբնական նվիրատվությունները հնարավոր դարձրին այս նախագիծը»,- ասվում է հայտարարության մեջ։

Վանաձորը՝ Հայաստանի երրորդ ամենամեծ քաղաքը, ունի ավելի քան 75 000 բնակիչ, այդ թվում՝ ավելի քան 6000 սովորող «Թումոյի» տարիքային խմբում։
«Այս քաղաքը վաղուց տաղանդների կենտրոն է, և մենք ոգևորված ենք տեսնել, թե ինչի կհասնեն այս դեռահասները՝ ստանալով իրենց հետաքրքրությունները զարգացնելու գործիքներ»,- նշել է կենտրոնը։
Հայաստանի կառավարությունն, իր հերթին, «Թումո» կենտրոնին է նվիրել քաղաքում գտնվող պատմական շենքը։
2022 թվականի հունիսին «Թումո»-ի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանն Armenia Today-ին պատմել էր առաջիկա տարիներին ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ծրագրերի մասին և հայտարարել «Թումո տուփ» կենտրոնների ցանցն ընդլայնելու ծրագրի մասին։ Միևնույն ժամանակ՝ «Թումո» կենտրոններ էին բացվել Արցախի Ասկերան և Մարտունի քաղաքներում, իսկ 2022 թվականի դեկտեմբերին կենտրոնը հայտարարել էր Գերմանիայում՝ Մանհայմում, երկրորդ մասնաշենքի բացման մասին։
Կենտրոնի մասնաճյուղերը գործում են նաև Գյումրիում, Մոսկվայում, Փարիզում, Բեյրութում, Բեռլինում, Տիրանայում և Կիևում։ 2023 թվականի դեկտեմբերին «Թումո»-ն հայտարարել էր իր նախաձեռնության ընդլայնման մասին՝ ստեղծելու մշակութային վայրերի մանրամասն 3D սկանավորում՝ Հայաստանի և Արցախի ժառանգությունը թվայնորեն պահպանելու համար։
