ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում հանդիպել է Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցու ղեկավարների հետ

ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում հանդիպել է Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցու ղեկավարների հետ

24 հունվարի 2026 – 13:17 AMT

PanARMENIAN.Net – ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Հիսուս Քրիստոսի վերջին oրերի սրբերի եկեղեցու Առաջին նախագահության ղեկավար կազմի ներկայացուցիչների՝ նախագահ Դալլին Հ. Օուքսի, Առաջին խորհրդական Հենրի Բ. Այրինգի և Երկրորդ խորհրդական Դ. Թոդ Քրիստոֆերսոնի հետ, հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը։

Մկրտչյանը ողջունել է Եկեղեցու բարձրաստիճան ներկայացուցիչների մասնակցությունը հունվարի 9-ին Վաշինգտոնի ազգային տաճարում անցկացված Սուրբծննդյան միջոցառմանը՝ ընդգծելով, որ Հայաստանում, ինչպես մի շարք այլ կրոնական կառույցների դեպքում, այս եկեղեցին ևս իրականացնում է իր գործունեությունը ազատորեն՝ շնորհիվ երկրում երաշխավորված կրոնական ազատության։ Դեսպանի խոսքով, այդ ազատությունը Հայաստանի ժողովրդավարության առանցքային տարրերից է։

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են կրոնական ազատության պաշտպանությունը, կրոնական համայնքների միջև երկխոսության խթանումը, ինչպես նաև համընդհանուր արժեքների վրա հիմնված համագործակցության զարգացումը։

Նարեկ Մկրտչյանը նաև բարձր է գնահատել Եկեղեցու կողմից տարիների ընթացքում Հայաստանում իրականացված մարդասիրական առաքելությունը՝ սկսած 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից՝ ընդգծելով այդ շարունակական աջակցության կարևորությունն ու դրա համար երախտագիտություն հայտնելով։

Leave a Comment