Հունանյանի հրաժարականից հետո ՔՊ-ում սպասում են նման դեպքերի կրկնությանը․ ԶԼՄ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Հունանյանի հրաժարականից հետո կուսակցությունում կարծում են, որ նման դեպքերը կրկնվելու են, գրել է «Հրապարակ» օրաթերթը հղում անելով իր աղբյուրին։ Ըստ թերթի՝ թիմում կարծում են՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն որոշել է, թե ում է տանելու խորհրդարան, իսկ նրանք, ովքեր ցուցակից դուրս են, առաջիկա ամիսներին տարբեր պատրվակներով կպատժվեն։ ՔՊ-ում կարծում են, որ Հունանյանի վերջին հայտարարությունը, թե «մեզ միայն զինվորներ պետք չեն, գլուխներ էլ են պետք», արտառոց չեն,- նշել է թերթը և հավելել, որ Էմմա Պալյանի՝ «ուղտաերթի» մասին սկանդալային գրառումը ավելի մեծ աղմուկ էր ստացել, սակայն նրան չպատժեցին։

Հունանյանի նկատմամբ քննարկումներն սկսվել էին, երբ հանձնաժողովի նախագահի ընտրությունների ժամանակ նա իր բարձրագույն կրթություն չունենալու մասին հայտարարել էր, թե պարտադիր չէ ունենալ բարձրագույն կրթություն՝ նման պաշտոն զբաղեցնելու համար։ 2025 թվականի սեպտեմբերի 5-ին ՔՊ-ն նրան ընտրել էր այդ պաշտոնում։

Դեկտեմբերի 2-ին Հունանյանն իր ելույթում նշել էր, որ բարձր աշխատավարձ ստացողները պետք է հոգ տանեն ցածր աշխատավարձ ստացողների մասին։ Ավելի ուշ նա հարցազրույցներից մեկում նշել էր, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն ինքն է Բաքվին հանձնվել, չնայած ՀՀ վարչապետն ուղղաթիռ էր ուղարկել նրանց տեղափոխելու համար։ Հունվարի 20-ին Հունանյանը հայտարարել էր, որ բոլորը չէ, որ պետք է ծառայեն, «մեր պետությանը գլուխներ են պետք»։ 

Leave a Comment