Փաստաբան․ Ամենայն Հայոց կաթողիկոսը որևէ քրեական գործով որևէ կարգավիճակ չունի․ «Ազատություն»

Որևէ քրեական գործով որևէ կարգավիճակ, այդ թվում՝ մեղադրյալի, Ամենայն Հայոց կաթողիկոսը չունի, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Մայր Աթոռի փաստաբան Արա Զոհրաբյանը:

«Հրապարակն» էր գրել, որ Գարեգին Երկրորդի դեմ նոր քրեական վարույթ է նախապատրաստվում՝ փողերի լվացման հոդվածով: Այդ վարույթի շրջանակներում հարցաքննվել է «Շողակաթ» հեռուստաընկերության տնօրեն Մանյա Ղազարյանը, որը ևս գործով վկա է: Քննության թեման բնակարանն է, որը տնօրենին է հատկացվել:

Արա Զոհրաբյանը պնդում է՝ Ամենայն հայոց կաթողիկոսն իր անձնական միջոցներով է գնել «Շողակաթի» տնօրենին հատկացված բնակարանը:

«Ամենայն Հայոց կաթողիկոսն իր անձնական միջոցներով որոշակի բնակարաններ է ձեռք բերել դեռևս իր՝ Արարատյան թեմի փոխանորդ եղած ժամանակից սկսած: Այդ բնակարանները նա հատկացրել է նաև քահանաներին ու «Շողակաթի» տնօրենին էլ է հատկացրել՝ որպես Մայր Աթոռի երկարամյա աշխատակից, ով կարիք է ունեցել այդ բնակարանի: Այսինքն, սա ընդունված է, նաև Մայր Աթոռի կողմից իրականացվող, նաև Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից իրականացվող գործընթաց է եղել, այստեղ զարմանալու բան չկա», – ասաց փաստաբանը:

Քննչական կոմիտեն դեռևս չի պատասխանել «Ազատության» հարցմանը՝ արդյոք կա՞ քրեական գործ, որի շրջանակում նախատեսվում է Գարեգին Երկրորդին մեղադրանք առաջադրել։

Աստղիկ ԲԵԴԵՎՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment