Քաղաքականություն
24.01.2026 | 08:40
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական իր ցանցում արված գրառմամբ տեղեկացրել էր, որ հաջորդ ամիս՝ փետրվարին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կայցելի Հայաստան ու Ադրբեջան։
«Փետրվար ամսին Միացյալ Նահանգների փոխնախագահ Վենսը կայցելի երկու երկրներ՝ շարունակելու մեր խաղաղարար ջանքերը և առաջ մղելու Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի նախաձեռնությունը»,- մասնավորապես գրել էր ԱՄՆ առաջնորդը՝ նշելով Հայասըան այցի նպատակը․
«Կկնքենք Հայաստանի հետ խաղաղ միջուկային համագործակցության համաձայնագիր, պայմանագրեր կստորագրենք մեր առաջատար կիսահաղորդչային արտադրողների համար»։
Հիշեցնենք, որ 2025 թվականին ՀՀ-ի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրման արարողության ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Հայաստանը սկսում է բանակցությունները ԱՄՆ հետ միջուկային համագործակցության համաձայնագրի շուրջ, որը հայտնի է որպես «123-րդ համաձայնագիր»։
«Համաձայնագիրը կընձեռի խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործման հարցում համագործակցության շրջանակ և կնշանավորի մեր հանձնառությունը միջուկային էներգիայի խաղաղ զարգացմանը՝ ապահովության, անվտանգության և չտարածման ամենաբարձր չափանիշներով»,- նշել էր Միրզոյանը։
Իսկ ի՞նչ է «123-րդ համաձայնագիրը»։ Այն ԱՄՆ ատոմային էներգիայի գործակալության ակտի միայն մեկ հոդվածն է՝ 123-րդ բաժինը։ Ու որպեսզի օտարերկրյա ներկայացուցիչներին հասանելի լինեն ամերիկյան տեխնոլոգիաների հետ կապված հարցերը, տվյալ երկիրը պետք է միանա «Միջուկային 123-րդ համաձայնագրին»։
Անահիտ Խաչատրյան