Մեծ վարձքը

Աղոթում ես հավատքի համար և ճիշտ ես անում, որովհետև հանձնարարվեց այդպես անել:

Ես Իմ օթևաններում տեղեր ունեմ նախատեսված նաև նրանց համար, ովքեր թեպետ Ինձ են դարձել, սակայն ունեն թույլ ծնկներ և նվաղած սրտեր:

Մի՛ վախենա, Ես քո Աստվածն եմ: Քո մեծ վարձքը: Քեզ մնում է միայն վեր նայել ու ասել.

«Ամեն ինչ լա՛վ է»:

Ես եմ քո Աստվածը: Մի՛ ցանկանա տեսնել քո առջև ընկած ճանապարհի վերջը: Դու քայլիր քո առջև եղած տեսանելի՛ ճանապարհով:

Շատ քիչ է պատահում, որ ողջ ճանապարհը տեսնելու շնորհ տամ Իմ աշակերտներին, հատկապես անձնական գործերի մեջ, որովհետև միայն առջևը տեսնելն ու քայլելն է հավատը կատարելագործելու լավագույն եղանակը:

Չքարտեզագրված ջրերի մեջ ես:

Սակայն քեզ հետ է Տերը բոլոր ծովերի. քեզ հետ է Սաստողը փոթորիկների, ցնծա՛ ու երգի՛ր քո ճանապարհին:

Լուռ հետևի՛ր սահմանափակող Տիրոջը, հետևիր Աստծուն, որովհետև նրան ծառայելու մեջ է կատարյալ ազատությունը:

ՆԱ` ՏԻԵԶԵՐՔԻ ԱՍՏՎԱԾԸ, կաշկանդելով դրեց Իրեն մանկան նեղանձուկ մարմնի մեջ, պատանեկության ու երիտասարդության տարիներին Իրեն կամովին ենթարկեց մարդկային բնության սահմանափակումներին:

Նշանակում է` դու՛ էլ պիտի սովորես քո իմացությունը և կարողությունը, որոնք անսահման զորեղ են հոգևոր իրականության ասպարեզում, սահմանափակումների ենթարկել աշխարհային գործերի մեջ:

Այսուհանդերձ, Ես քեզ հետ եմ:

Երբ Իմ աշակերտները ձուկ որսալու համար ողջ գիշեր չարչարվեցին ու մնացին ձեռնունայն, Ես երևացի նրանց, ու ուռկանները պատռվելու աստիճան լցվեցին ընտիր ձկներով:

Leave a Comment