Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարբերաբար ստանում է ԵԽ Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեի զեկույցը Հայաստանում աշխատանքային իրավունքների պաշտպանվածության մասին։ Կոմիտեի գնահատումներով՝ նախորդ տարվա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանն 8 անհամապատասխանություն ունի սոցիալական խարտիայով պաշտպանվող հիմնական աշխատանքային իրավունքների իրականացման նորմերին։
Նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը «Ռադիոլուր»-ի հետ զրուցում կետ առ կետ անդրադարձել է 8 կետերին, նշել, որ դրանց որոշ մասն արդեն իսկ օրենսդրորեն լուծված են, որոշ կետերի ուղղությամբ ընթացիկ աշխատանքներ են տարվում։ Կան նաև դրույթներ, որոնց ընդունումը Հայաստանը նպատակահարմար չի գտնում։
Օրինակ՝ կոմիտեն նշել է, որ հեռավար աշխատանքի դեպքում չեն ապահովվում աշխատողների անվտանգ պայմանները։ Սարգսյանի խոսքով՝ սա օբյեկտիվ բացատրություն ունի․ գործատուն չի կարող վերահսկել աշխատանքային պայմանները, եթե մարդն աշխատում է, օրինակ, տնից, հասարակական վայրից։ Իսկ զեկույցի մեկ այլ առաջարկ՝ օրենսդրորեն արհմիություններ ձևավորելու ավելի լայն հնարավորություններ տալու, արդեն իսկ լուծված է․ համապատասխան օրենքն ընդունվել է 2025-ի դեկտեմբերի 4-ին և ուժի մեջ մտել դեկտեմբերի 20-ից։