Իսրայելը քննարկում է Էրդողանի որդու մուտքը երկիր արգելելու հարցը

Քաղաքականություն

23.01.2026 | 19:39

Իսրայելը քննարկում է Թուրքիայի 29 քաղաքացիների, այդ թվում՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդու՝ Բիլալ Էրդողանի մուտքը երկիր արգելելու հարցը՝ հղում անելով պաղեստինամետ գործունեությանը և Իսրայելի դեմ ենթադրյալ արշավներին, գրում Turkiye today-ը։

Նշվում է, թե այս քայլը քննարկվում է այն ժամանակ, երբ վարչապետ Բենիամին Նեթանյահուն բախվում է միջազգային իրավական ճնշման աճի։ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կողմից տրված ձերբակալման օրդերի պատճառով Նեթանյահուն չի կարողացել մեկնել մի քանի երկրներ։ Վերջերս իսրայելական լրատվամիջոցները հաղորդել են, որ Նեթանյահուն հրաժարվել է մասնակցել Դավոսում կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումին՝ մտահոգությունների պատճառով, որ Շվեյցարիան կարող է կիրառել ՄՔԴ-ի որոշումը։

Արգելված անձանց ցուցակը կազմվել է Իսրայելի սփյուռքի և հակասեմականության դեմ պայքարի նախարար Ամիխայ Չիքլիի առաջարկությամբ: Բիլալ Էրդողանից բացի՝ ցուցակում են նաև IHH մարդասիրական օգնության հիմնադրամի նախագահ Բյուլենթ Յըլդըրըմը և Թուրքիայի կրոնական գործերի վարչության (Դիյանեթ) նախկին ղեկավար Ալի Էրբասը: Արգելքի համար կպահանջվի վարչապետի աշխատակազմի վերջնական հաստատումը։

Իսրայելի պաշտոնյաները պնդում են, որ արգելքի ցուցակում նշված անձինք հրապարակայնորեն կոչ են արել բոյկոտել Իսրայելը և ղեկավարել են երկրի դեմ ուղղված արշավներ:

Չիքլին նախկինում Թուրքիան անվանել էր «թշնամական պետություն»: Նրա խոսքով՝ չնայած Թուրքիայի ներգրավվածությանը Գազայի միջազգային վերակառուցման ջանքերում՝ թվարկված անձանց գործունեությունը նպատակ ունի «խաթարել Իսրայել պետության օրինականությունը»:

Արգելքի կիրառման վերաբերյալ առաջարկությունները կուղարկվեն Իսրայելի բնակչության և ներգաղթի մարմիններին:

Հունվարի 1-ին Ստամբուլի Գալաթա կամրջի վրա ավելի քան կես միլիոն մարդ էր հավաքվել Պաղեստինի աջակցության մեծ երթի համար, որտեղ ցուցարարները կոչ էին անում դադարեցնել այն, ինչը նրանք անվանում են Գազայում ցեղասպանություն: Էրդողանի որդին՝ Բիլալ Էրդողանը, նշանակալի դեր է խաղացել այդ միջոցառման խթանման և կազմակերպման գործում:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a Comment