Ավտոմոբիլային վառելիքի շուկայում տիրող իրավիճակը բազմաթիվ դժգոհությունների տեղիք է տալիս։ Համացանցային քննարկումները շատ հարցեր են շոշափում՝ բենզինի ու դիզվառելիքի որակից մինչև հեղուկ գազի արդյունավետություն կամ թերլիցքավորում։ Սրանք հարցեր են, որոնք հստակ պատասխաններ են պահանջում։ Ի՞նչն է իրականում ստուգում Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը, որտեղի՞ց է սկսվում վերահսկողությունը, և ի՞նչ պատիժ է կիրառվում խախտումների դեպքում։ Այս հարցերին այսօր անդրադարձել է այդ կառույցի ղեկավար Արմեն Կոտոլյանը։
Վերջին շրջանում, հատկապես համացանցում ակտիվորեն քննարկվում էր Ադրբեջանից ներմուծված բենզինի որակը։ Մասնավորապես՝ մտահոգություններ կային, որ այդ վառելիքը կարող է կապարի մեծ քանակ պարունակվել։ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանն ասում է, որ իր ղեկավարած կառույցը որևէ գործառույթ չի կատարում, երբ այս կամ այն ապրանքը դեռևս լինում է Հայաստանի Հանրապետության սահմանին։ Տեսչական մարմնի լիազորությունները սկսվում են այն պահից, երբ այն վաճառվում է։
«Բայց իմ ունեցած տեղեկություններով՝ մենք հարցում էինք արել այս թեմայով Չափագիտության և ստանդարտացման ազգային մարմնին, որտեղից տեղեկացել էինք, որ, այո՛, փորձանմուշներ վերցրել են, լաբորատոր փորձաքննություն արվել է, ու խմբաքանակը ամբողջովին համապատասխանել է ԵԱՏՄ տեխկանոնակարգին, այսինքն` որակական առումով որևիցե խնդիր չի եղել»։

Լցակայաններում ստուգումներ անելիս տեսչական մարմինը չգիտի, թե տվյալ վառելիքը որ երկրից է ներմուծված։ Իրենց հիմնական գործառույթը չափագիտական կանոնների և նորմերի պահպանումն ապահովելն է՝ անկախ վառելիքի ծագման երկրից, ասում է Արմեն Կոտոլյանը։ Այս առումով՝ տեսչականի համար սկզբունքային տարբերություն չկա, թե որ երկրի արտադրանքն է վաճառվում լցակայանում։ Հետևաբար, թերլիցքավորման դեպքերը չեն կապվում վառելիքի ծագման հետ, այլ վերահսկվում են չափագիտական պահանջների պահպանման շրջանակում։ 2025 թ․ կատարված աշխատանքները ներկայացնելիս Արմեն Կոտոլյանը խոսեց վերջին փորձաքննություններով արձանագրված՝ բենզինի և դիզվառելիքի անվտանգության ցուցանիշների խախտումների մասին։
Ընդհանուր փորձաքննությունների շրջանակում անվտանգության ցուցանիշների խախտումների տեսակարար կշիռը կազմել է 13,4 %։ Մասնավորապես՝ 67 փորձանմուշից խախտումներ են հայտնաբերվել 9-ում։ Դիզելային վառելիքի մասով իրավիճակն առավել մտահոգիչ է։
«Դիզելային վառելիքի մասով 63 % է կազմում, 27 փորձանմուշից 17-ում անհամապատասխանություններ են արձանագրվել»։
Ստուգումներից հետո տեսչական մարմինն ամփոփել է բենզինի և դիզելային վառելիքի, հեղուկացված ածխաջրածնային գազերի լցակայաններում, ինչպես նաև ավտոգազալիցքավորման ճնշակայաններում արձանագրված տվյալները։ Բենզինի և դիզելային վառելիքի վերաբերյալ 46 ստուգում է արվել․ 19 լցակայանում արձանագրվել են չափագիտական խախտումներ։ Դրանց տեսակարար կշիռը կազմել է 41,3 %։
Հեղուկացված ածխաջրածնային գազերի դեպքում 67 ստուգում է կատարվել։ Խախտումներ արձանագրվել են լցակայաններից 37–ում։ Այստեղ խախտումների տեսակարար կշիռը 55 % է։
Ավտոգազալիցքավորման 115 ճնշակայաններից 33-ում նույնպես արձանագրվել է թերլիցքավորում։ Խախտումների տեսակարար կշիռը 28,7 % է կազմել։
«Այն դեպքերում, երբ տեսչական մարմինը հայտնաբերում է թերլիցքավորման փաստեր, կիրառվում է ոչ միայն վարչական պատասխանատվություն, այլ նաև հանրային իրազեկման մեխանիզմ։ Մասնավորապես՝ թերլիցքավորած տնտեսվարող սուբյեկտները վառելիքաբաշխիչ աշտարակների վրա մեկ ամիս ժամկետով փակցնում են «Տուգանվել ենք թերլիցքավորման համար» ցուցանակը»։
Ըստ Արմեն Կոտոլյանի՝ դրանով ոչ միայն պատասխանատվության են ենթարկում տնտեսվարողներին, այլև քաղաքացիներին տեղեկացնում են տվյալ լցակայանի խախտումների մասին։
Տեսչական մարմնի «Թեժ գիծ» հեռախոսահամարով 2025–ին ստացվել է 656 հեռախոսազանգ, որոնցից 26-ը՝ թերլիցքավորման դեպքերի մասին։
Սակայն վառելիքի շուկայում արձանագրվող խախտումները տարաբնույթ են՝ ասում է պաշտոնյան։ Օրինակ՝ դիզելային վառելիքի դեպքում հիմնականում գերազանցվել է ծծմբի թույլատրելի քանակը, այն նորմայից բարձր է եղել։ Բենզինի դեպքում հիմնական շեղումները վերաբերել են խտությանը կամ քաշին․
«Որոշ փորձանմուշներում բենզինը եղել է թույլատրելիից փոքր-ինչ ավելի թեթև, սակայն շեղումները հիմնականում եղել են թույլատրելիի սահմաններում կամ շատ փոքր գերազանցումներով։ Տեսչական մարմինը փորձանմուշներ է վերցնում բենզալցակայաններում վաճառվող բոլոր տեսակի վառելիքներից՝ 92, 93, 95 օկտանային բենզինից, ինչպես նաև դիզելային վառելիքից»։
Շուկայում վառելիքի որակը բարելավելու համար կիրառվում է կրկնակի ստուգման մեթոդը։ Այդկերպ ավելի կառավարելի է դառնում շուկան՝ վստահեցնում է տեսչական մարմնի ղեկավարը։
Շատ են դժգոհությունները նաև հեղուկ գազի որակից։ Վարորդները բողոքում են, որ վերջերս նույն չափով լիցքավորելուց հետո մեքենան այլևս չի անցնում այն տարածությունը, ինչ նախկինում։ Արմեն Կոտոլյանն ասում է, որ տեղյակ է խնդրին, և այսպես է բացատրում այդ երևույթը․Հայաստանում շրջանառվում է հեղուկ գազի երկու տեսակ՝ կոմունալ-կենցաղային և ավտոմոբիլային։ Կոմունալ-կենցաղային գազը նախատեսված է կենցաղում գազաբալոններով օգտագործելու համար։ Օրենսդրությամբ չի արգելվում ավտոմեքենայի լիցքավորումը կոմունալ-կենցաղային գազով, սակայն պետք է հաշվի առնվի, որ դրա որակական ցուցանիշները զգալիորեն ցածր են, քան ավտոմոբիլային հեղուկ գազինը։
«Որակական տարբերությունների պատճառով, նույն քանակությամբ լիցքավորելու դեպքում կոմունալ-կենցաղային գազ օգտագործող մեքենան անցնում է ավելի քիչ կիլոմետր, քան ավտոմոբիլային գազով լիցքավորվելու դեպքում։ Սա չի նշանակում թերլիցքավորում․ պայմանավորված է գազի էներգետիկ արժեքով»։
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի պահանջով՝ գազալիցքավորման կայաններում պարտադիր պետք է նշվի, թե ինչ տեսակի գազ է վաճառվում։ Այդ տեղեկատվությունը պետք է փակցված լինի վառելիքաբաշխիչ աշտարակի վրա և հասանելի լինի բոլորին։