
Այսօր Աբու Դաբիում տեղի կունենա Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի անվտանգության հարցերով եռակողմ աշխատանքային խմբի առաջին նիստը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
«Մեր բանակցային խումբն արդեն ձևավորվել է։ Այն ներառում է Պաշտպանության նախարարության ղեկավարության ներկայացուցիչներ՝ Գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ, ծովակալ Կոստյուկովի գլխավորությամբ»,- նշել է Ուշակովը։
Նրա խոսքով՝ Աբու Դաբիում կհանդիպեն նաև ռուս-ամերիկյան երկկողմ տնտեսական հարցերով խմբի ղեկավարներ Կիրիլ Դմիտրիևը և Սթիվ Ուիթքոֆը։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նույնպես հայտարարել է ԱՄԷ-ում կայանալիք հանդիպման մասին՝ նշելով, որ այն կտևի երկու օր՝ հունվարի 23-ին և 24-ին: Նա նշել է, որ ուկրաինական պատվիրակության կազմում կլինեն նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլո Բուդանովը և նրա առաջին տեղակալ Սերգեյ Կիսլիցյան, Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը, պատգամավոր Դավիթ Արախամիան և Գլխավոր շտաբի պետ Անդրեյ Հնատովը: