Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս Իրանի կայունությանը. Բայրամովն ընդունել է Իրանի ԱԳ փոխնախարար

Քաղաքականություն

23.01.2026 | 17:41

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Իրանի փոխարտգործնախարար Վահիդ Ջալալզադեին։ Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ քննարկվել են երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ համագործակցությունը, Իրանում վերջին շրջանում ստեղծված լարվածությունը և տարածաշրջանային հարցեր։

Ջալալզադեն մանրամասն ներկայացրել է Իրանում վերջին լարվածությունն ու ներկայիս իրավիճակը: Իր հերթին, Բայրամովն ընդգծել է, որ Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս Իրանի կայունությանը և ցավակցություն հայտնել վերջին իրադարձությունների ժամանակ զոհվածների ընտանիքներին:

Նշվել է, որ երկու երկրների նախագահների միջև շփումները, փոխայցելություններն ու առկա քաղաքական երկխոսությունը նշանակալի դեր են խաղում Ադրբեջանի և Իրանի միջև բարեկամական հարաբերությունների զարգացման գործում, իսկ  փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկումը նպաստում է համագործակցության ընդլայնմանը: Գոհունակությամբ նշվել է Ադրբեջանի և Իրանի միջև տնտեսական, առևտրային և հումանիտար համագործակցության պետական ​​հանձնաժողովի աշխատանքը։

Քննարկելով երկու երկրների միջև տրանսպորտի և կապի ոլորտում համագործակցության հեռանկարները՝ կողմերն ընդգծել են, որ Ադրբեջանի և Իրանի կողմից իրականացվող մի շարք նախագծեր նշանակալի դեր են խաղում  տարածաշրջանով անցնող տրանսպորտային միջանցքների զարգացման գործում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a Comment