Ընտրական օրենսգրքի փոփոխությունն ընդունվեց․ ԱԺ-ն 2-րդ ընթերցմամբ քվեարկեց օրինագծի օգտին

Քաղաքականություն

23.01.2026 | 16:45

Ազգային ժողովը 66 կողմ, 2 դեմ և 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանի, Վլադիմիր Վարդանյանի ու Լիլիթ Մինասյանի հեղինակած ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ըստ նախաձեռնության հեղինակների՝ ՀՀ օրենսդրությունը  բավարար մեխանիզմներ չի սահմանում դիտորդական առաքելությունների և դրանցում ներգրավված դիտորդների քաղաքական չեզոքության ու անկողմնակալության պարտականության կատարման ապահովման համար, ինչի  պատճառով էլ մշակվել է նախագիծը:

Նախագիծը, մասնավորապես, հստակեցնում է, թե ինչ չափանիշների պետք է բավարարի Հայաստանի Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանի Հանրապետության տարածքում կազմակերպվող ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու հնարավորություն ստանալու համար: Նախագծում նաև ընդգծվում է դիտորդական առաքելություն իրականացնող ՀԿ-ների և հիմնադրամների գործունեության թափանցիկության, այդ թվում՝ ֆինանսական թափանցիկության անհրաժեշտությունը՝  ելնելով այն տրամաբանությունից, որ ընտրությունների թափանցիկության ապահովման նպատակ ունեցող սուբյեկտները նույնպես պետք է թափանցիկ և հաշվետվողական լինեն հանրության առաջ:

Նախաձեռնությամբ նաև հստակեցվում է հավատարմագրման դիմումը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու կարգը, տարանջատվում են ՀՀ-ում գրանցված ՀԿ-ների կողմից հավատարմագրվող ՀՀ քաղաքացիություն ունեցող և ՀՀ քաղաքացիություն չունեցող դիտորդների հավատարմագրման համար օրենքով սահմանված ժամկետները: Մասնավորապես, սահմանվում է, որ ՀՀ քաղաքացիություն չունեցող դիտորդների հավատարմագրման համար դիմում կարող է ներկայացվել ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 15 օր առաջ:

Հստակեցվում են նաև դիտորդական առաքելության հավատարմագրման դիմումի մերժման հիմքերը, ինչպես նաև դիտորդական առաքելության,  դրանցում ներգրավված դիտորդների հավատարմագրումն ուժը կորցրած ճանաչվելու հիմքերը:

ԱԺ որոշմամբ նախագծի առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկումը տեղի է ունեցել քսանչորս ժամվա ռեժիմով: «Հայաստան» խմբակցությունը հարցի քննարկմանը չի մասնակցել։

Եվգենյա Համբարձումյան

Leave a Comment