23 հունվարի 2026 – 16:04 AMT
PanARMENIAN.Net – Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և «Կորպորասիոն Ամերիկա Ս․ Ա․» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանը ստորագրել են «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոն պայմանագրի հինգերորդ լրացումը՝ ըստ ՀՀ կառավարության 2026 թվականի հունվարի 22-ի թիվ 93-Ա որոշման։
Փոխվարչապետը ողջունել է հյուրին և կարևորել ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրերը՝ ընդգծելով դրանց առանցքային դերը երկրի զարգացման տեսանկյունից։
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ օդանավակայանի կոնցեսիոն պայմանագրի հինգերորդ լրացման շուրջ ծավալված բանակցությունները ընթացել են կառուցողական մթնոլորտում, ինչը, իրենց դիտարկմամբ, խթան է հետագա արդյունավետ համագործակցության համար։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ՀՀ արտաքին գործերի նախարարության նախկին շենքին առնչվող ծրագրերին, որոնք գտնվում են Հանրապետության հրապարակի տարածքում և ունեն ռազմավարական նշանակություն։
Նպատակն է ընդլայնել ՀՀ միջազգային օդանավակայանների թողունակությունը, բարելավել ենթակառուցվածքները, բարձրացնել սպասարկման որակը, ինչպես նաև ստեղծել պայմաններ՝ տեղական չվերթեր սպասարկող Կապանի «Սյունիք» օդանավակայանը միջազգային դարձնելու համար։
Վերացվում են Կապանի «Սյունիք» օդանավակայանի վրա Կոնցեսիոն պայմանագրի սահմանափակումները, պայմանագրի ժամկետը երկարաձգվում է մինչև 2067 թվականի դեկտեմբերի 31-ը: Կոնցեսիոները պարտավորվում է իրականացնել մոտ 425 մլն ԱՄՆ դոլարի չափով կապիտալ ներդրումներ: Մաստեր-պլանը և ներդրումային ծրագիրը կհամաձայնեցվի կառավարության հետ, որոնք կներառեն նաև 2023 թվականից իրականացված ներդրումները: