Արցախից ՀՀ տեղափոխված անձանցից մեկը հոսպիտալացվել է՝ Գորիսի ԲԿ-ում է

Արցախից ՀՀ տեղափոխված անձանցից մեկը հոսպիտալացվել է՝ Գորիսի ԲԿ-ում է

23 հունվարի 2026 – 16:37 AMT

PanARMENIAN.NetԱրցախից Հայաստան տեղափոխված քաղաքացիներից մեկը հոսպիտալացվել է Գորիսի բժշկական կենտրոնում։ Այդ մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Բժիշկներից կազմված մեր բրիգադն անհրաժեշտության դեպքում օպերատիվ բուժօգնություն ցուցաբերելու նպատակով մեկնել է Լեռնային Ղարաբաղից հունվարի 23-ին Հայաստան տեղափոխված մեր 11 հայրենակցին դիմավորելու: Այս պահին բոլորն անցել են բուժզննում, նրանցից մեկը հոսպիտալացվել է Գորիսի բժշկական կենտրոն` լրացուցիչ հետազոտության»,– ֆեյսբուքյան էջում գրել է Ավանեսյանը։

Նախարարը հավելել է, որ մնացած 10-ի առողջական վիճակը գնահատվել է բավարար։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Արցախում բնակվող 10 հայեր և մեկ ազգությամբ ռուս ՀՀ քաղաքացի դիմել են ՀՀ և Ադրբեջանի պատկան մարմիններին՝ տեղափոխվելու խնդրանքով։ Դիմումների հիման վրա նրանք տեղափոխվել են Հայաստան։

Leave a Comment