Իրանը հերքում է մահապատիժների չեղարկման լուրը

Իրանը հերքում է մահապատիժների չեղարկման լուրը

Իրանի գլխավոր դատախազ Մոհամմադ Մովահեդին հերքել է այն լուրը, թե Թրամփի պահանջով Իրանը չեղարկել է բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալված 800 անձանց մահապատիժները։ Նա հայտարարել է, որ այդ թիվը կեղծ է, և դատական համակարգը նման որոշում չի կայացրել։ 

APnews-ը հրապարակման մեջ ընդգծել է, որ Թրամփի հայտարարությունները թույլ են տալիս ենթադրել, որ Իրանի արտաքին գործերի նախարարությունը՝ Աբբաս Արաղչիի գլխավորությամբ, հնարավոր է՝ նրան այդ թիվն է տրամադրել։ 

Հաղորդվում է, որ Արաղչին այդ շրջանում ուղիղ կապի մեջ է եղել ԱՄՆ բանագնաց Սթիվ Ուիթքոֆֆի հետ։

«Մենք ունենք իշխանությունների տարանջատում, յուրաքանչյուր հաստատության պարտականությունները հստակ սահմանված են, և մենք ոչ մի դեպքում հրահանգներ չենք ընդունում օտարերկրյա ուժերից», – ասել է Իրանի գլխավոր դատախազը։

Պարբերականը գրում է, որ Իրանի դատական ​​պաշտոնյաները կալանավորվածներից ոմանց անվանել են «մոհարեբ» կամ «Աստծո թշնամիներ»։ Ենթադրվում է, որ անվանակոչումից հետո նրանց մահապատիժ է սպառնում։

Հիշեցնենք, որ Իրանում սկսված համազգային բողոքի ցույցերը ենթարկվել են կառավարության դաժան ճնշումներին, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 5000 և ձերբակալվել է ավելի քան 26․800 մարդ: 

Leave a Comment