23 հունվարի 2026 – 16:27 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ ներքին գործերի նախարարության կիբեռոստիկանությունը նախազգուշացնում է TikTok հարթակում տարածվող հերթական խաբեության մասին, որի շրջանակում քաղաքացիներին մոլորեցնում են իբր «սոցիալական հիմնադրամից» 300 հազար դրամ աջակցություն ստանալու հնարավորությամբ։
Ըստ հաղորդագրության՝ տվյալ հրապարակումների միջոցով քաղաքացիներին առաջարկվում է սահմանափակ ժամանակում անցնել հղմամբ և լրացնել համապատասխան «դիմում», սակայն իրականում սա կիբեռհանցագործների կողմից իրականացվող սխեմա է՝ անձնական և բանկային տվյալներ (քարտի համարը, PIN, CVV, մեկանգամյա կոդեր և այլն) հափշտակելու նպատակով, ինչը կարող է հանգեցնել դրամական միջոցների կորստի։
«Հորդորում ենք.
• չանցնել կասկածելի հղումներով
• չլրացնել «դիմումով» պահանջվող որևէ տվյալ:
Հիշեք՝
– ՀՀ պետական և սոցիալական մարմինները սոցիալական ցանցերի միջոցով չեն հավաքագրում քաղաքացիների բանկային և անձնական տվյալներ։
– ՀՀ պետական և սոցիալական մարմինները օգտագործում են միայն հայկական «.am» դոմենային անվանումներ (օրինակ՝ mlsa.am, socservice.am, mia.gov.am, moh.am, e-request.am)»,- ասված է հաղորդագրության մեջ։